Մատչելիության հղումներ

Կառավարությունը 2022-ի համար նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ


Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 11 տոկոսով ավելացնել պաշտպանական բյուջեն՝ պլանավորելով ավելի քան 345 միլիարդ դրամ ծախսել, սահմանների պահպանությունը կարևորագույն առաջնահերթություն է, 2022-ի բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, հաստատված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ բանակը զարգանալու է ագրեսիայից պաշտպանվելու համար, Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. - «Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»:

Բյուջեի նախագծով կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, ինչն այս տարվա տնտեսական ցուցանիշները հաշվի առնելով գործադիրն իրատեսական է համարում։

Ըստ նախագծի՝ հաջորդ տարվա բյուջետային եկամուտները կկազմեն շուրջ մեկ տրիլիոն 950 միլիարդ դրամ, ծախսերը՝ ավելի քան 2 տրիլիոն 189 միլիարդ, պակասուրդը շուրջ 243 միլիարդ կկազմի։ Կառավարությունը նախատեսում է 27 տոկոսով ավելացնել կրթությանը և գիտությանը տրամադրվող գումարը, ավելի քան 15 տոկոսով սոցիալական ոլորտի ծախսերը։

«Պետք է նշել, որ հեռու ենք այն մտքից, թե 2022 թվականի պետական բյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները և ըստ այդմ բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված», - ընդգծեց Փաշինյանը:

Տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում հնգամյա ծրագրով, որով կառավարությունը պարտավորվում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, գործազրկությունը իջեցնել 10 տոկոսից ցածր մակարդակի։ Այս խոստումներին ու շարունակվող գնաճին զուգահեռ, սակայն, հաջորդ տարվա համար նվազագույն աշխատավարձի բարձրացում իշխանությունները չեն ծրագրում։ Նախատեսվում է 2100 դրամով բարձրացնել այս պահին 26 500 դրամ կազմող նվազագույն կենսաթոշակը։

«2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

Ծանր ու անկումային 2020-ից հետո չբարձրացող 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում սեպտեմբերին սննդամթերքի գները նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 16 տոկոսով։ Այն, որ գնաճը բավականին բարձր է, ընդունում է նաև վարչապետը։

Գնաճը հաջորդ տարի էլ է շարունակվելու, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Թոշակները, աշխատավարձերը մնալու են նույնը, իսկ գնաճը շարունակվելու է, այսինքն մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ ապրանքների գները շարունակելու են աճել, մարդկանց եկամուտները մնալու են նույնը: Այսինքն՝ մենք շարունակելու ենք աղքատացման գործընթացը», - նշեց տնտեսագետը:

Գործադիրը ծրագրում է 2022-ին 347 միլիարդ դրամ հատկացնել կապիտալ ծախսերի համար, ավելի քան 278 միլարդ՝ ենթակառուցվածքների զարգացման համար. - «Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և/կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը»:

Կառավարությունը, մասնավորապես, մտադիր է արդեն հաջորդ տարի մեկնարկել Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան - Քաջարան և Քաջարան- Ագարակ հատվածների շինարարության մրցույթները, հենց այս ճանապարհը հետագայում պիտի Հայաստանն Իրանի հետ կապի, որն ըստ իշխանությունների արագընթաց և անվտանգ կլինի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ նշելով՝ այն կարող է փոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը։

XS
SM
MD
LG