Մատչելիության հղումներ

Սննդամթերքը Հայաստանում թանկանում է այլևս երկնիշ ցուցանիշով 


Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ՝ այլևս երկնիշ ցուցանիշով և այս տարվա ընթացքում նոր ռեկորդ սահմանելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սննդամթերքը թանկացել է 13,9 տոկոսով։ Նախորդ ռեկորդը պատկանում էր հունիսին, երբ սննդամթերքի գները 2020 թվականի նույն ամսվա համեմատ աճեցին 9 տոկոսով։

Անցած ամիս՝ 2020թ. հուլիսի համեմատ հացը թանկացել է 8,6 տոկոսով, միսը՝ 9,7 տոկոսով, ձուն՝ 51,3 տոկոսով, կարագը՝ 15,9 տոկոսով, շաքարը 39,4 տոկոսով, պահածոյացված կաթը՝ 10,4 տոկոսով և այսպես շարունակ։

Երևանի փողոցներում մարդիկ, բնականաբար, դժգոհ էին սննդամթերքի շարունակվող թանկացումից։

Հայաստանում Կենտրոնական բանկն է գների կայունության ապահովման երաշխավորը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե չորս տարի՝ 2017թ. փետրվարից աստիճանաբար իջեցնելուց հետո (երբ 6 տոկոսից այն հասավ 4,25 տոկոսի), անցած տարվա դեկտեմբերին Կենտրոնական բանկը կտրուկ՝ մեկ տոկոսային կետով այն բարձրացրեց՝ հասցնելով 5,25 տոկոսի։ Այնուհետև, այս տարվա ընթացքում Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը շարունակաբար բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վերջինը՝ այս օգոստոսի 3-ին ևս 0,5 տոկոսային կետով՝ այն հասցնելով 7 տոկոսի:

Կենտրոնական դրամատունը տարիներով նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում, ուստի խթանել տնտեսական աճը։ Այժմ՝ գնաճի նման պայմաններում, կենտրոնական դրամատունը թանկացնում է դրամը՝ զսպելու գների աճը։

Ներկայացվածի ֆոնին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, դարձյալ, Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 5,4 տոկոսով՝ կազմելով 196 հազար 440 դրամ։

Նվազագույն ամսական աշխատավարձը Հայաստանում վերջին անգամ բարձրացել է 2020թ. հունվարի 1-ից, երբ 55 հազար դրամից այն դարձավ 68 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ տեղեկություն չունեն, թե երբ է նախատեսված հաջորդ բարձրացումը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, ներկայացված թվերը պարզապես վկայում են, որ Հայաստանում աղքատությունը խորանում է, որովհետև մարդիկ ստիպված ավելի շատ միջոցներ են հատկացնելու սննդամթերքի գնմանը։

«Առհասարակ գնաճը որպես երևույթ բացասական երևույթ չէ, եթե մարդկանց եկամուտները աճում են համաչափ: Այստեղ խնդիրը ոչ թե գնաճի մեջ է, այլ նրա, որ մարդկանց եկամուտները համապատասխան չափով չեն աճել: Պաշտոնական վիճակագրությամբ՝ միջին անվանական աշխատավարձը այս կես տարվա ընթացքում աճել է 5,4 տոկոսով, իսկ նպաստի, թոշակների մասով ունենք ավելի վատ վիճակ, երբ որ թոշակները մնացել են նույն մակարդակի վրա, նպաստները՝ նույնպես: Իսկ սոցիալապես խոցելի խմբերի դեպքում՝ թոշակառուները, նպաստառուները, որոնց եկամուտները մնացել են նույնը և որոնք իրենց եկամտի մեծ մասը ծախսում են սննդամթերք գնելու համար, նրանց վիճակն էլ ավելի վատ է կամ նրանց սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվել», - ասաց Պարսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG