Հայաստանում տնտեսական աճի էական դանդաղման ֆոնին` կառավարությունը հայտարարում է ռեկորդային քանակի հարկ ու տուրք հավաքելու մասին. այս տարվա առաջին ինն ամիսներին պետբյուջե է մուտք եղել 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ՝ այօրվա փոխարժեքով 2 միլիարդ 358 միլիոն դոլար։ Գործադիրի նիստից հետո լրագրողներին թվերը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ով ընդամենը երկու ամիս առաջ նշանակվեց այդ պաշտոնին։
«Եթե համեմատելու լինենք դրանք 19 թվականի հունվար-սեպտեմբեր և 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների հետ, ապա համապատասխանաբար կազմել են այդ մուտքերը 19-ին` տրիլիոն 79 միլիարդ և 20թ.` տրիլիոն 16 միլիարդ եկամուտները, և 21-ը 19 թվականի նկատմամբ ավել հավաքագրված գումարը կազմում է 58.1 միլիարդ կամ աճը կազմում է 5.4 տոկոս», - մանրամասնեց ՊԵԿ նախագահը:
Հայաստանի 2021թ. պետական բյուջեի համաձայն` այս տարի կառավարությունը պետք է կարողանա հավաքել 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ հարկ ու տուրք, իսկ 2022թ.-ին էլ ավելի շատ՝ 1 տրիլիոն 843 միլիարդ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.8 միլիարդ դոլար։
Տնտեսության հատկապես ո՞ր հատվածներից, ո՞ր տնտեսվարողներից է կառավարությունը գանձում կամ պատրաստվում գանձել այսքան գումար, արդյո՞ք դեր է ունեցել Հայաստանում ապրանքների ու ծառայությունների սաստիկ թանկացումը. Վիճակագրական կոմիտեի համաձայն, օրինակ, այս սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սննդամթերքը երկրում թանկացել է 15.8 տոկոսով, և որպես հետևանք՝ ավելի շատ գումար է պտտվում տնտեսությունում և որպես հարկ հոսում է պետբյուջե։ Եվ վերջապես, արդյո՞ք հարկահավաքման նման աճը բեռ չի լինի տնտեսության վրա՝ դանդաղեցնելով նրա զարգացումը։
«Ես սա ավելի շատ կապում եմ տնտեսական որոշակի ակտիվության հետ, որը վերականգնվում է և 19 թվականի ցուցանիշներից ավելի վերև է գնում: Ինչ վերաբերում է գնաճին, միանշանակ է, որ որոշակի ազդեցություն ունի, բայց դա ամենևին չի կարելի գերագնահատել, և պետք է նկատի ունենալ, որ մյուս բոլոր ցուցանիշները աճում են, և դա ավելի խորը մասնագիտական գնահատականի արժանի երևույթ է, որը կարծում եմ` համապատասխան մարմինները կտան», - ի պատասխան ասաց Բադասյանը:
Հիշեցնենք` Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` Հայաստանում տնտեսական ակտիվության աճը ավելի քան տասն անգամ դանդաղել է։ Այս հունվար-փետրվարին գրանցված անկումից հետո մարտին սկսվեց աճը, և ապրիլին, 2020-ի ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցեց 23,4 տոկոս աճ: Սակայն ապրիլին հաջորդող յուրաքանչյուր հաջորդ ամիս այդ աճը ավելի փոքր էր, ու աստիճանաբար նվազելով` այս օգոստոսին, նախորդ օգոստոսի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցեց ընդամենը 2,3 տոկոս աճ կամ ավելի քան տասն անգամ պակաս ապրիլին գրանցվածից։
Պետությունը մի ձեռքով հավաքագրում է հարկային մուտքերը շատ արագ, մյուս կողմից` չի կարողանում ծախսերը կատարել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը առաջինը հենց գնաճը նշեց որպես հարկային բարձր մուտքերի պատճառ։
«Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելի շատ են հարկային մուտքերը: Այս հարաբերակցությունը պահպանվում է, և անկախ դրանից, թե ով է այս պահին Պետեկամուտների կոմիտեի նախագահը, այդ հարկային մուտքերը լինելու, քանի որ դա վճարում է հայ ժողովուրդը բարձր գնաճի տեսքով», «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Տնտեսագետը առանձնացրեց ևս երկու պատճառ՝ նախկինում ստվերային աշխատատեղերը բացահայտվել ու մտել են հարկային դաշտ, և այս տարվա ընթացքում գրանցված տնտեսական աճը։
«Պետությունը մի ձեռքով հավաքագրում է հարկային մուտքերը շատ արագ տեմպերով, նույնիսկ ունի բավականին մեծ գերավճարներ: Սա էլ նախորդ տարվա համեմատ պետք է փաստեմ: Մյուս կողմից` չի կարողանում ծախսերը կատարել: Պաշտոնական վիճակագրությամբ` 7 ամիսների հաշվարկով 30 տոկոսով թերակատարված է կապիտալ ծախսը, իսկ ընդհանուր ծախսերը մոտ 10-11 տոկոսի չափով գերակատարվել են, այսինքն` պետությունը գումարը վերցնում է տնտեսությունից, բայց չի կարողանում վերադարձնել տնտեսություն: Բնականաբար, սա դանդաղեցնում է տնտեսական ակտիվությունը, զարգացումը», - ընդգծեց Սուրեն Պարսյանը: