Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր դեսպան է նշանակել Իսրայելում


Իսրայելում Հայաստանի նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը, լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Իսրայելում Հայաստանի նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը, լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Հայաստանը նոր դեսպան է նշանակել Իսրայելում, և դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ սպասվում է, որ հայաստանցի դիվանագետը մեկնելու է Թել Ավիվ։

Երեկ երեկոյան տարածվեց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Արման Հակոբյանին Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին, նստավայրը՝ Թել Ավիվ։

Հակոբյանը, ով տիրապետում է եբրայերենին ու արաբերենին, 30-ամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, երկար տարիներ եղել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի, այնուհետև՝ Ամերիկայի վարչության պետ, անցած տարվանից Բրազիլիայում Հայաստանի դեսպանն էր։

Թե երբ է նախատեսված Հայաստանի նոր դեսպանի մեկնումը Իսրայել, և հատկապես 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանը ինչու որոշեց նոր դեսպան գործուղել Թել Ավիվ, Արտգործնախարարությունից հնարավոր չեղավ պարզել. նախարար Արարատ Միրզոյանի խոսնակը՝ Վահան Հունանյանը անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգը։

Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի վերջին, կայացել էր Հայաստանի ու Իսրայելի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ժամանակ Միրզոյանն ու Յաիր Լապիդը, ըստ պաշտոնական Երևանի, քննարկել էին երկկողմ «առկա հարաբերությունները և հեռանկարները»:

Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը Հայաստանի համար «կարևոր քայլ» որակեց դեսպանի նշանակումը Իսրայելում. - «Որովհետև Իսրայելը գոնե Մերձավոր Արևելքում ակտիվ խաղացող է, իսկ Հայաստանը թերևս ինքը Մերձավոր Արևելքի մաս չէ, սակայն Հարավային Կովկասը սահմանակից է նաև Մերձավոր Արևելքին, և նաև 2020 թվականի Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, կամ այն գործընթացները, որոնք այնտեղ կատարվում են, կամ հարցերի լուծման այն մեթոդաբանական մոտեցումները, որոնք այնտեղ կան, օրինակ՝ Սիրիա, Աստանայի ձևաչափ և այլն, դրանք նաև կարող են կիրառվել և հաճախ կիրառվում են նաև Հարավային Կովկասում։ Հետևաբար՝ միանշանակ պետք է, որպեսզի Հայաստանը առնվազն դիվանագիտական հարաբերություններ ունենա Մերձավոր Արևելքի էական խաղացողների հետ»։

Թեև Հայաստանի անկախության նվաճումից կարճ ժամանակ անց՝ 1992 թվականի ապրիլին երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, սակայն Հայաստանը որոշեց Իսրայելում դեսպանատուն բացել միայն անցած տարի՝ 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսին։ Այդուհանդերձ, Արմեն Սմբատյանը, ով 2018-ի մարտից Հայաստանի դեսպանն էր, Թել Ավիվում հասցրեց աշխատել մոտ մեկ ամիս, որովհետև պատերազմի բռնկումից օրերր անց՝ հոկտեմբերի 1-ին Սմբատյանը հետ կանչվեց Երևան։ Իսրայելը Ադրբեջանին սպառազինություն մատակարարած երկրորդ երկիրն է Ռուսաստանից հետո։

Ի դեպ, Ադրբեջանը այսօր էլ դեսպանատուն չունի Իսրայելում։

Արդեն պատերազմի ավարտին՝ 2020 թվականի նոյեմբերի սկզբին, իսրայելական The Jerusalem Post պարբերականի հարցին, թե Հայաստանը հետաքրքրվա՞ծ է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. - «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի կողմի՞ց, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։

Արմեն Սմբատյանը, հիշեցնենք, այս տարվա օգտոստոսին ազատվել էր Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Ներկայում նա անցնում է Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի քրեական գործով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սմբատյանը և նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք մոտ 12 տարի մշակույթի նախարարի աթոռը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը մասնակից են պատմական այդ շենքի հողատարածքի օտարմանն ու սեփականաշնորհմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG