Այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, քիչ առաջ լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` հայտարարելով, որ որոշել են հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին:
«Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով ստեղծված իրավիճակից` Արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին», - նշեց նա:
Իսրայելում ՀՀ դեսպանն Արմեն Սմբատյանն է:
Իսրայելում Հայաստանի դեսպանությունն սկսել էր գործել այս ամռան վերջին: Դեսպանատան բացումը նախատեսվում էր այս տարեսկզբին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դժվարությունները հետաձգեցին այդ իրադարձությունը: