Մատչելիության հղումներ

ԱՕԿՍ-ի շենքը օտարվել և սեփականաշնորհվել է օրինական ճանապարհով. Սմբատյանի և Պողոսյանի պաշտպաններ


Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի գործով Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի մեղադրանքը լրացվել է. պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու հոդվածից բացի, ավելացվել է նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդված։

ԱԳՆ-ից առայժմ չեն մեկնաբանում դեսպանին քրեական գործում ներգրավելուն։ Փոխարենը 2018 թվականից Իսրայելում դեսպան Սմբատյանի պաշտպանը այս թեմայով հրապարակում է արել. - «Քրգործը հարուցվել է այն ձևակերպմամբ, թե շուրջ 13 տարի առաջ Սմբատյանը օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանը, ինչը դրսևորվել է, ուշադրություն՝ այդ պաշտոնատար անձի գործողությունները չկանխելով, ապա օրինականացրել է իբր հանցավոր ճանապարհով ստացված գույք։ Այս անհեթեթ մեղադրանքը կապված է Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացի հետ»։

Փաստաբան հավելել է, թե այդ գործընթացը «հետապնդել է մեկ նպատակ` ներգրավել ներդրումներ վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած, պատմամշակութային արժեք ունեցող շենքը հիմնանորոգելու համար, ինչն իրականացվել է»։

Փաստաբանը նաև պնդում է, որ գործարքն իրականացվել է բացառապես օրինական ճանապարհով, իսկ դեսպան Սմբատյանը երբեք շենքի սեփականատեր ընկերության բաժնետեր չի հանդիսացել։

Աբովյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու գտնվող այս շենքում գործում է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության» կազմակերպությունը։ Մեր այցելության պահին շենքի դուռ փակ էր, տարածքը փոշոտ և աղտոտված։

Ըստ քրեկան գործի հրապարակված տվյալների, կազմակերպության նախագահը Արմեն Սմբատյանն է, փոխնախագահը Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որն այս գործով գլխավոր մեղադրյալն է։

Քննչական կոմիտեում քննվող գործը վերաբերում է շենքի հողատարածքի օտարմանն ու սեփականշնորհմանը։ Իրավապահները այսօր մասնավորապես հայտնեցին, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Հասմիկ Պողոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, իսկ Արմեն Սմբատյանը նրան օժանդակել է։ Արդյունքում նրանք կարողացել են ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը դարձնել հասարակական կազմակերպության սեփականություն: Ապա, ըստ իրավապահների, շենքը և դրա զբաղեցրած հողամասը ձևական գործարքի արդյունքում՝ 550.000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը՝ «օրինականացնելով գույքը և թաքցնելով դրա ծագման աղբյուրը»։

Արմեն Սմբատյանը գտնվում է ազատության մեջ 20 միլիոն դրամ գրավի դիմաց, իսկ 2006-2018 թվականների ընթացքում Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախզում դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։

Նախկին նախարարի պաշտպան Գեորգի Մելիքյանը, սակայն, վստահեցնում է, որ իր վստահորդը չի փախել Հայաստանից, գտնվում է Ռուսաստանում բուժման նպատակով, ինչի մասին ինքը տեղեկացրել է Քննչական կոմիտեին․ - «Դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում էլ ինքը մեկնել է, վերադարձել է։ Երբ արդեն քրեական գործը հարուցվեց, ինքը մեկնել էր Ռուսաստան՝ բուժվելու, իր բժշկական փաստաթղթերը ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին, բացահայտել ենք նրա գտնվելու վայրը։ Մենք միշտ ընդգծել ենք, որ եթե կա որևէ գործողության անհրաժեշտություն, հեռավար ձևով պատրաստ ենք մասնակցել, քանի որ առողջական վիճակից ելնելով, ինքը չի կարող ժամանել Հայաստանի Հանրապետություն»։

Անցյալ տարի նշանակված նիստին, որի ընթացքում պետք է որոշվեր Հասմիկ Պողոսյանի խափանման միջոցը, նա ներկա չի եղել, թեև դատարանը չի ընդունել դատախազի միջնորդությունը և չի կայացրել կալանավորման որոշում։

Այս նիստից հետո, ինչպես տեղեկացանք փաստաբանից, Հասմիկ Պողոսյանը Հայաստան չի վերադարձել։ Փաստաբանն ասաց նաև, որ Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Այդուհանդերձ փաստաբանը չի հերքում, որ իրավապահների նկարագրած շենքի օտարման գործարքները կատարվել են, միայն թե նշում է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում․ - «2006 թվականին, երբ որ Հասմիկ Պողոսյանը դարձել է Մշակույթի նախարար, միաժամանակ ինքը զբաղեցրել է նաև հասարակական կազմակերպության փոխնախագահի պաշտոնը, օրերի տարբերության օրենք է դուրս եկել, որի համաձայն իրենք իրավունք ունեին պետական հողամասերը նաև սեփականաշնորհել՝ եթե որոշակի ժամանակահատված տիրապետում են»։

Ըստ պաշտպանի, Պողոսյանը գործարքներին մասնակցել է ոչ որպես Մշակույթի նախարար․ - «Որպես Մշակույթի նախարար, իր ֆունկիաների մեջ հողամասի հետ կապված որևէ խնդիր չի մտնում։ Իսկ կոնկրետ հուշարձանի հետ կապված, 2004 թվականին Կառավարության որոշմամբ ստացել է հուշարձանի կարգավիճակ, իսկ օրենքը չի արգելում հուշարձանի սեփականաշնորհումը համապատասխան պայմանների առկայությամբ։ Այստեղ ոչ թե Հասմիկ Պողոսյանն եղել սեփականատեր, այլ հասարակական կազմակերպությունը, որի փոխնախագահը եղել է Հասմիկ Պողոսյանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG