Մատչելիության հղումներ

Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել գրավը


Արմեն Սմբատյան, արխիվ
Արմեն Սմբատյան, արխիվ

Իսրայելում Հայաստանի դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Ինչպես Քննչական կոմիտեն է նշում, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում Հայաստանի դեսպան, միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ս.-ն օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար և վերոնշյալ հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն:

Այնուհետև նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550.000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ս-ին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20 միլիոն դրամ գումարի չափով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված քրեական գործով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը սկսել է գործել 2020-ի օգոստոսի վերջից, դեսպանը Արմեն Սմբատյանն է, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2018-ից։ Մինչև 2020-ը նրա նստավայրը Երևանն էր։ 2020-ի հոկտեմբերին նա հետ կանչվեց Իսրայելից՝ խորհրդակցությունների նպատակով։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց․ - «Երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է»։

XS
SM
MD
LG