Արդյո՞ք Ադրբեջանում այնքան խելացի կլինեն, որ իրենց հաղթանակը վերածեն կայուն խաղաղության, Հոնգ Կոնգում լույս տեսնող Asia Times պարբերականի հետ զրույցում հարց է բարձրացրել նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ «տարածաշրջանի ձևափոխման գործընթացի ականատեսն ենք»։
«Իրական քաղաքականության մեջ նկատվում է Կովկասի վերաձևափոխման գործընթաց, և գուցե լինի Կենտրոնական Ասիայի վերաձևման գործընթաց ևս: Այսօրվա կասպյան տարածաշրջանը նույնը չէ, ինչ 30 կամ 25 տարի առաջ էր։ Հայաստանի համար այն ժամանակ հնարավորություն կար Կովկասն այլ ճանապարհով վերաձևավորելու գործընթացին մաս կազմել: Արդյո՞ք Ադրբեջանում այնքան խելացի կլինեն, որ իրենց հաղթանակը վերածեն կայուն խաղաղության: Երբ դու հաղթող կողմ ես՝ ունես առավելություն, կարող ես նաև փոխզիջումների գնալ, քանի որ հաղթանակը քոնն է։ Պետք է բավականաչափ իմաստուն լինել՝ հասկանալու համար, որ փոխզիջումների գնալով, կարող ես հարաբերություններ ստեղծել, որոնք շատ ավելի երկար կտևեն։ Մենք ապրում ենք, ինչպես ասացի, քվանտային աշխարհում, և ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է փոխվում: Մենք ունենք Թուրքիայի նման հարևան, և դժվար է կանխատեսել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը»,- մասնավորապես նշել է Հայաստանի նախագահը։
Երկու մասից բաղկացած հարցազրույցի առաջին մասը պարբերականը հրապարակել էր երեկ, ուր Արմեն Սարգսյանը խոսում է նաև հայ-թուրքական հարաբերություններից՝ անդրադառնալով դեռ 2009-ին կնքված ու այդպես էլ կյանքի չկոչված ցյուրիխյան արձանագրություններին։
«Երբ այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես այդքան էլ չէի հավատում, որ այն կարող է արդյունավետ լինել: Պատճառները մի քանիսն են, սակայն ես Ձեզ ամենապարզը կներկայացնեմ: Ամենապարզ պատճառն այն էր, որ փորձ արվեց հաշտեցնելու Թուրքիային ու Հայաստանին, մինչդեռ Ղարաբաղի հարցը կարգավորված չէր: Կարո՞ղ է որևէ մեկն ինձ ապացուցել կամ բացատրել, թե ինչպես կարող է Թուրքիան կարգավորված հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կար չավարտված պատերազմ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում էին, որ եղբայրական ժողովուրդներ են»,- նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանը հավելել է․ - «Ակնհայտ է, որ խաղաղության բանակցություններում միայն Հայաստանն ու Թուրքիան չէին, կար երրորդ կողմ, որը հաշվի չէր առնվել: Եվ ես երբեք չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայներ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, երբ կարգավորված չէին Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Կա նաև չորրորդ դերակատարը՝ հայ ժողովուրդը: Հայկական Սփյուռքը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության հետևանք է: Որևէ նախագահ չի կարող բանակցել այդ մարդկանց անունից, նրանց պապերի անունից, ովքեր սպանվեցին կամ փրկվեցին: Թուրքիայի հետ բանակցելուց առաջ պետք է երկխոսություն լինի Հայաստան պետության ու Սփյուռքի միջև: Մենք պետք է ունենանք փոխըմբռնում և ընդհանուր քաղաքականություն այն հարցում, թե ինչ ենք անում»։