Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն անհրաժեշտ են. քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն անհրաժեշտ են՝ ինչ նախապայման էլ որ Թուրիքան դնի, ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

«Կարելի է երկխոսել։ Ինչ-որ բան մենք նպատակահարմար կհամարենք, զիջումներ կանենք, չենք համարի՝ չենք անի, այսինքն՝ երկխոսությունն ինքնին պարտադրանք չի ենթադրում։ Ամեն դեպքում, կան բազմաթիվ խնդիրներ, և էդ խնդիրների լուծման ձևը երկխոսությունն է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բաղդասարյանը։

Անկարան ու Երևանն արդեն հայտարարել են, որ կարգավորման բանակցությունների համար հատուկ բանագնացներ կնշանակվեն։ Կողմերը դեռ անուններ չեն հրապարակում։ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Վահան Հունանյանն «Ազատությանն» այսօր փոխանցեց, թե այս հարցում դեռ զարգացում չկա։

Հայկական կողմը հայտարարում է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը պատրաստ է սկսել առանց նախապայմանների։ Թուրքիան մինչև բանագնացներ նշանակելու համաձայնությունը նախապայմաններից խոսում էր, պահանջում էր բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նախապայմանի մասին ոչինչ չի ասել։

Վահան Հունանյան
Վահան Հունանյան

Թուրքիան հրաժարվե՞լ է նախապայմաններից։ Այս հարցին արտաքին գերատեսչության խոսնակը պատասխանեց՝ հիշեցնելով ավելի վաղ արված հայտարարությունը. - «Ինչպես նախկինում հայտարարել էինք, ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը։ Ռուս գործընկերները վերոնշյալը փոխանցել են Թուրքիային։ Հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հայտարարություններին արդեն իսկ ծանոթ եք»։

Եթե ոչ հիմա, ապա բանակցույթունները սկսելուց հետո, Թուրքիան պահանջներ կներկայացնի Հայաստանին, կարծում է Արմեն Բաղդասարյանը՝ չբացառելով նաև, որ մինչև երկխոսության պաշտոնական մեկնարկը նախապայմանների հարցում կուլիսային քննարկում կողմերի միջև եղել է. - «Կարծում եմ, Թուրքիայի համար թիվ մեկ խնդիր է, որ Հայաստանը պիտի պաշտոնապես հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից, չխրախուսի դա նաև սփյուռքյան կառույցների միջոցով, մեկընդմիշտ փակի այդ թեման։ Որովհետև Թուրքիային դա իսկապես լուրջ բարդությունների առաջ է կանգնեցնում միջազգային տարբեր հարթակներում»։

Թուրքիայի նախապայմանը միայն Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելը չի լինի։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, բանակցային գործընթացում Թուրքիան կպահանջի, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից. - «Բանակցային գործընթացում իհարկե Թուրքիան կպահանջի, ես համոզված եմ, որ Հայաստանը հաստատի այն փաստը, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածք»։

Ռուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձն է սա։ Նախորդ երեք երկխոսություններն էլ Հայաստանը սկսել է առանց նախապայմանների։ Թուրքիայի հետ բանակցություններն առանց նախապայմանների սկսելը, ըստ Սաֆրաստյանի, սխալ է. - «Հիմա, երբ փորձում ենք հետադարձ առումով վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել, մենք առանց նախապայմանների մտել ենք բանակցային գործընթացների մեջ Թուրքիայի հետ, ոչ մի բան չենք ստացել։ Այսինքն՝ այդ մոտեցումը պետք է մենք անարդյունավետ համարենք»։

Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, թե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելը Հայաստանի պետական շահերից է բխում։

Հայաստանում փորձագետների մի մասը պնդում է, թե այս փուլում Թուրքիայի հետ երկխոսելը Հայաստանի օգտին չէ։ Թուրքիան, օգտվելով հետպատերազմական Հայաստանի թույլ դիրքերից, կփորձի միայն պայմաններ պարտադրել։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով, թեկուզ թույլ դիրքերից, բայց պետք է երկխոսել. - «Այո, նրանք իրավացի են։ Հայաստանի համար հիմա շատ ծանր ժամանակ է, Հայաստանի դիրքերը բոլոր առումներով հիմա թույլ են, շատ թույլ են։ Բայց եթե մենք գոնե տեսականորեն հնարավորություն ունենային, կամ վստահություն ունենայինք , որ մի քանի տարի հետո, անտեսանելի ապագայում Հայաստանի դիրքերը ավելի կուժեղանան, ավելի կհզորանան, այդ դեպքում իմաստ կունենար ձգձգել այդ գործընթացը և սպասել ավելի հարմար ժամանակների»։

Հայ- թուրքական հարաբերույթունների կարգավորման վերջին փորձը 2008 թվականին սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր, փաստաթուղթ ստորագրվեց, բայց կյանքի չկոչվեց։

Նախորդ բոլոր փորձերը տապալվել են, իսկ այս անգամ հավանակա՞ն է, որ գործընթացը հաջողություն կունենա։ Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցնում է՝ նախորդ փորձերն են ցույց տվել, որ Թուրքիան կոմպրոմիսի չի գնում։ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիայի նախապայմաններն ավելացել են, կողմերը հակադիր մոտեցում ունեն, օրինակ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Իսկ այս պայմաններում Սաֆրաստյանը հաջողության ակնկալիք չունի։

XS
SM
MD
LG