Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիան կներկայացնի երկրի նախկին դեսպանը ԱՄՆ-ում


Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչ
Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչ

Հայաստանում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու: Այս մասին նախօրեին հայտարարել է պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարարը։

«Նախագահի հավանությամբ Վաշինգտոնում մեր նախկին դեսպան Սերդար Քըլըչը հատուկ ներկայացուցիչ կնշանակվի», - ասել է Մևլյութ Չավուշօղլուն։

Նա կրկնել է ավելի վաղ հնչեցրած միտքը, թե Հայաստանի հետ երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում. - «Մենք ամեն հարցում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլերի ենք գնում Ադրբեջանի իմացությամբ: Ոչ ոք թող չկարծի, թե Ադրբեջանից անկախ կարող ենք գործել: Մեկ ազգ, երկու պետություն ենք: Սրանք դրական զարգացումներ են, և բոլորս շահելու ենք»:

Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն, բարգավաճում ու տնտեսական առաջընթացին միտված ծրագրեր է ուզում տեսնել. - «Եվ այս համատեքստում տրանսպորտի նախարարությունը ու քաղավիացիայի վարչությունը քննարկում է Երևան-Ստամբուլ ավիաչվերթների վերաբացումը»։

Արդյունքների մասին, ըստ Չավուշօղուի, առաջիկա օրերին կհայտարարվի:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորման քայլերին զուգահեռ, Անկարան էլ իր հերթին է որոշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնալ և հատուկ ներկայացուցիչ նշանակել:

Հայաստանում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում: 63-ամյա դիվանագետը 2000-ականներին ԱԳ նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականն է եղել, հետո՝ Թուրքիայի դեսպանը Լիբանանում։ 2010-2012 թվականներին զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2012-2014՝ թվականներին Ճապոնիայում, 2014-2021 թվականներին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն է եղել։

Գարո Փայլան
Գարո Փայլան

Հարաբերությունների կարգավորման համար փոխադարձաբար հատուկ բանագնացներ նշանակելու որոշումը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պատմական է համարել՝ հույս հայտնելով, որ հնարավորության այս պատուհանը լավագույնս կօգտագործվի. - «2020 թվականի պատերազմից հետո բոլորս միասին սկսեցինք խաղաղության մասին խոսել, և հիմա հնարավորության պատուհան կա, որից պետք է օգտվել: Ե՛վ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական այրերը պետք է պատասխանատվություն վերցնեն, որպեսզի այդ հնարավորությունը ի վերջո խաղաղության հանգեցնի: Ես, որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտարարում եմ, որ ստանձնելու եմ այդ պարտավորությունը»:

Հայազգի պատգամավորը Թուրքիայի նախագահին, քաղաքական բոլոր կուսակցություններին և առաջնորդներին կոչ է արել աջակցել այս գործընթացին: Փայլանը նաև համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է հստակ ճանապարհային քարտեզ մշակել և ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության բարձրացման համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մասին ուշագրավ մանրամասներ է հայտնել Haber Türk լրատվականի իշխանական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Չեթիներ Չեթինը: Նա գրել է, թե երկուստեք հատուկ ներկայացուցիչների նշանակմանը զուգահեռ, մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը Անկարայում և Երևանում աշխատանքային խմբեր են ստեղծվելու, որոնք զբաղվելու են ճանապարհային քարտեզի մշակմամբ: Ըստ հոդվածագրի, ճանապարհային քարտեզը նախատեսվում է երեք փուլով գործարկել մինչև հաջորդ տարվա մայիս: Ըստ սյունակագրի՝ այս համատեքստում օրակարգ է գալու նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, որը Անկարան նախատեսում է բացել մայիս-հունիս ամիսներին:

Մինչ պաշտոնական Երևանը դեռ չի հայտնում, թե ով կլինի հայկական կողմի բանագնացը, թուրքական պարբերականը գրում է, թե Հայաստանը Անկարա է ուզում ուղարկել Թուրքիայի հետ կապեր ունեցող, փոխադարձ շահերը և դիվանագիտական հարաբերությունները պատմական դիսկուրսից դուրս քննարկելու պատրաստ ներկայացուցչի:

XS
SM
MD
LG