Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքագետների, պետք չէ վախենալ Թուրքիայի հետ երկխոսությունից


Եթե Հայաստանը Թուրքիայի հետ ավելի վաղ սկսեր երկխոսությունը, շատ ավելի շահեկան դիրքերում կլիներ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ հիմա Հայաստանի դիրքերն ավելի թույլ են։

Բաղդասարյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությունը կարելի է դիտարկել ավելի շատ որպես կորսված հնարավորություն։ «Իսկապես Հայաստանի և Թուրքիայի մեջ կան բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ չլուծված, բարդ լուծվելիք, գուցե լուծման համար անհնարին խնդիրներ, բայց, եթե այդ երկխոսությունը չկայանա, այդ խնդիրները դրանից չեն վերանա», - ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ այնպես չէ, որ երկխոսություն սկսելով Հայաստանը կատարելու է Թուրքիայի բոլոր պահանջները։

«Երկխոսությունը նրա համար է, որ Հայաստանը ներկայացնի իր տեսակետները, Թուրքիան՝ իր, և որը Հայաստանի համար անընդունելի կլինի, չի ընդունի», - ասաց Բաղդասարյանը՝ շեշտելով՝ երկխոսությունից պետք չէ ընդհանրապես վախենալ, բայց պետք էլ չէ առանձնապես մեծ հույսեր կապել։

«Դա Հայաստանի ներսում շատ ցավոտ հարց է և ցանկացած պահի կարող է դետոնատորի դեր խաղալ և Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ գեներացնել», - ասաց քաղաքագետը։

Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել, նույնն են, ինչ 2009-ին, իր հերթին ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ շեշտելով՝ «եթե ամեն ինչից վախենանք ու փակվենք, դրա արդյունքները մենք տեսել ենք»։

«Այն ժամանակ [2009] նա [Թուրքիան] նպատակ էր դրել որպեսզի առնվազն գոնե ճնշումները Հայաստանի վրա բոլոր ուղղություններից մեծացվեն և նա վերադարձնի 7 շրջանները։ Այժմ նա փորձելու է նախ օրակարգ բերել Արցախի խնդրի փակելու հարցը, որովհետև Ալիևը չի կարողանում դա փակել, դա տեսանելի է․ Մինսկի խմբի հայտարարությունը և Եվրամիության այս բոլոր վիճակները դրա մասին են վկայում, հետևաբար մենք պետք է երկու բան սպասենք թուրքական կողմից՝ արցախյան խնդրի փակում հօգուտ Ադրբեջանի և «Զանգեզուրյան միջանցք», որովհետև Թուրքիան էլ տեսնում է, որ Բրյուսելում էլ չստացվեց այն, ինչ չէր ստացվել նաև եռակողմում, այսինքն՝ Հայաստանի սուվերենությունը կտրող, վնասող միջանցքի ստեղծում, բայց եթե մենք ամեն ինչից վախենանք ու փակվենք, դրա արդյուքնենրը մենք տեսել ենք»։

Երևանն ու Անկարան օրերս հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու, իսկ Հայաստանինը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG