Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Փաշինյանը, անդրադառնալով այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, կարևորել է երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը:
Նրանք արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև վաղը` դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին:
«Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է Եվրամիության պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:
Ավելի վաղ Միշելը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ:
Իսկ ավելի ուշ նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում: