Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեզ համար շատ կարևոր են։ Խաղաղ ապագա ապահովելու համար մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, որոնք արժեքավոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար»,- երեքշաբթի օրը Բրյուսելում ասել է Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և Ադրբեջանը ամուր համագործակցություն են հաստատել։

«Այսօր այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ կարողությունների զարգացումից մինչև էներգետիկ անվտանգություն: Այսօր մենք քննարկեցինք, թե ուրիշ ինչ կարող ենք անել միասին: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր աշխատանքի շարունակմանը ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հետագա խորացման ուղղությամբ»,- ասել է նա։

Այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում են՝ մասնակցելու գագթնաժողովին։ Երեկ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրոպական խորհրդի ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։

Եվրամիության 4 տարին մեկ անցկացվող գագաթնաժողովն այսօր կընդունի համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի նախագիծն արդեն շրջանառվում է։ Մասնավորապես նշված է, որ «Եվրամիությունը կաջակցի չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, վստահության ամրապնդմանը և հաշտեցման ջանքերին, աջակցություն կտամադրվի հակամարտություններից տուժած բնակչությանը»։

Գագաթնաժողովին մասնակցում են Արևելյան գործընկերության ծրագրի 6 մասնակիցներից 5-ի ներկայացուցիչները՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի, Բելառուսը բացակայում է։

XS
SM
MD
LG