ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը աջակցություն են հայտնում ուղիղ երկխոսության վերսկսմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:
Համանախագահները կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ տարածաշրջանում տևական կայուն խաղաղություն ապահովելու նպատակով:
Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց հայտարարությունում։
«Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:
Համանախագահ երկրները նաև «մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։
Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին ու Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչության մոտ մուտք գործելու բոլոր սահմանափակումները միջազգային մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ։
Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում ՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի համար, իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում խոսել էր ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, որը փաստորեն հրապարակվեց մոտ մեկ շաբաթ անց: