«Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի [արտաքին գործերի] նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ուր ողջունվում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»։ Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունից օրեր անց էլ հայտարարության տեքստը պաշտոնապես չի հրապարակվել։
Արդյո՞ք նման իրավիճակը նշանակում է, որ միջնորդական այդ ձևաչափում հակասություններ կան միջնորդ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների, կամ հակասությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև են ձևաչափի շարունակման վերաբերյալ։ Մինչ օրս հստակ չէ։
Ռուսաստանի արտգործնախարարությանը, Երևանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատներ ուղղված «Ազատության» հարցումները դեռ անպատասխան են։
Իրավիճակը, ըստ էության, հրաժարվեց մեկնաբանել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հորդորելով դիմել արտգործնախարարություն. - «Բայց ես կարծում եմ, ամենակարևոր արձանագրումը, որ այս պահին պետք է արվի, այն է, որ Հայաստանը հետքայլ չի անելու իր դիրքորոշման մեջ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծմանը հավատարիմ մնալով»։
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ չեն մեկնաբանում։
Ղարաբաղյան հակամարտության հարցով Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված հայտարարության մասին Սերգեյ Լավրովը Շվեիդիայի մայրաքաղաքում խոսեց Ուկրաինայի շուրջ սրված ամերիկա-ռուսական հարաբերությունների ֆոնին։
Մյուս կողմից, հայտնի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ ղարաբաղյան հարցը այլևս լուծված է, իսկ մեկ տարի առաջ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին՝ ուղղակի ասաց, թե ինքը նրանց Բաքու չի հրավիրել։
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ «հետևություն անել», թե ինչու է բացակայում Լավրովի հիշատակած հայտարարությունը և արդյո՞ք սա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տապալում։
Փոխարենը, կարծիք հայտնեց, որ Հայաստանի շահերից է բխում միջազգային այդ ձևաչափի շարունակությունը. - «Ճիշտն ասած, դրա մասին հետևություն անել այս պահի դրությամբ չեմ կարող, որովհետև շրջանառվեց տեղեկատվություն այն մասին, որ պլանավորված է Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի տեսակոնֆերանս։ Ուստի էս հարցը քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ծիրում, ես չեմ հանդգնի»։
Ղարաբաղյան հակամարտության նախորդ շուրջ երեսնամյա զարգացումների ընթացքում պարբերաբար կայացող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպումների ժամանակ Մինսկի խմբում համանախագահող երեք պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները սովորաբար հայտարարություններով անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը՝ փաստորեն, ներկայացնելով խնդրի կարգավորման իրենց տեսլականը։
Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը նկատեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրեթե 18 տարի ղեկավարող Սերգեյ Լավրովը չէր կարող նման կարգի հայտարարություն անել, եթե հիմքեր չունենար, որ նման փաստաթղթի ընդունումը գրեթե երաշխավորված է։
Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբում ի հայտ եկած միգուցե աննախադեպ հակասությունները դեռևս հիմք չեն պնդելու, որ այն այլևս չի գործում. - «ԵԱՀԿ Մինսկի խումբը իրավաբանորեն շարունակում է գործել և կշարունակի գործել։ Եթե խոսում ենք փաստացի իրավիճակի մասին, ապա, ինչպես ես նշեցի, քանի դեռ Մինսկի խումբը չի մշակել առաջարկությունների նոր փաթեթ, ապա ինքը դե յուրի կշարունակի գործել։ Դե ֆակտո գուցեև տեղի կունենան հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, սակայն դրանք արդյունավետ չեն լինի։ Պետք է տարբերակել ոչ արդյունավետ փաստացի գործունեությունը փաստացի կազմալուծումից»։
Պողոսյանի խոսքով, որքան շուտ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա հետպատերազմյան իրականությունն արտահայտող առաջարկություններով, այնքան շուտ կավարտվի միջնորդական այդ ձևաչափի հետ կապված անորոշ վիճակը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ տարածաշրջան այցելել են նախորդ տարվա դեկտեմբերին։ Ընդ որում, այն ժամանակ պատվիրակությունը կազմված էր ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացնող համաբնախագներ Էնդրյու Շոֆերից ու Ստեֆան Վիսկոնտիից, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկից։ Բաքվում ու Երևանում կայացած հանդիպումների ժամանակ Ռուսաստանը ներկայացնում էին Ադրբեջանում ու Հայաստանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դեռ այս տարվա հունվարին հայտարարել էր, որ համանախագահները նախատեսում են մեկնել Ղարաբաղ և այժմ համաձայնեցնում են այս հարցը շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Զախարովայի խոսքերից անցել է մոտ մեկ տարի, սակայն մինչ օրս հստակ չէ, թե երբ և ինչ ձևաչափով են միջնորդները ծրագրում իրենց այցը Ղարաբաղ, որը կլինի առաջինը 44- օրյա պատերազմից ու ռուս խաղաղապահների տեղակայումից ի վեր։