Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը, արխիվ

Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։

Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

Հայաստանի արտգործնախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը։

Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Միրզոյանը Ստոկհոլմում է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG