Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլի. «Սերս առ հարազատ Վրաստան խենթության աստիճանի է»


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում, 29 նոյեմբերի, 2021թ.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում, 29 նոյեմբերի, 2021թ.

Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե չի ճանաչում Վրաստանի դատական համակարգը:

Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու և բռնություններով հավաքները ցրելու գործի քննությունը:

Ամբաստանյալը Վրաստանի կալանավորված նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին է, ով կտրականապես հերքում է մեղադրանքը:

«Ես չեմ ճանաչում այս դատախազությունը և չեմ ճանաչում Վրաստանի դատական համակարգը, ես այստեղ այն բանի համար չեմ, որ մասնակցեմ նախապես հայտնի ավարտով կատակերգությանը»,- դատարանի դահլիճում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահը:

Գործը քննում է երեք դատավոր՝ Նինո Էլիեշվիլիի նախագահությամբ: Դատարանը Սաակաշվիլիին թույլատրել է քննության ընթացքում ջուր խմել, հաշվի առնելով, որ ամբաստանյալը գրեթե 50 օր հացադուլի մեջ է եղել և ունի դրանից բխող առողջական խնդիրներ: «Շնորհակալ եմ, ես գնահատում եմ բարի վերաբերմունքը», - ասել է Սաակաշվիլին:

Ըստ մեղադրող կողմի, Սաակաշվիլին 2007 թվականի նոյեմբերի 7-ին կարգադրել է բիրտ ուժով ցրել ցույցն, ապա իր հավատարիմ ուժերին դրդել է ներխուժել «Իմեդի» հեռուստաընկերության շենք և ապօրինի միջոցներով զավթել դրա սեփականատեր, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի գույքը: Սաակաշվիլին այդ մեղադրանքով կարող է դատապարտվել 5-ից 8 տարվա ազատազրկման:

Վրաստանի նախկին ղեկավարը պատմել է մի ուշագրավ դրվագի մասին, ասելով, որ Վրաստանի առաջ ուր որ է բացվելու էդ ՆԱՏՕ-ի դուռը, սակայն Ռուսաստանի նախագահն ամեն ինչ արեց դա կանխելու համար:

«Պուտինը զանգահարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ասաց, թե «տղերքը կգան Պատարկացիշվիլիի հետ խոսելու համար, քեզ պետք չէ նրանց հետ հանդիպել»: Ապա մեծահարուստ Պատարկացիշվիլին մեկնեց Բելառուս, որտեղ գաղտնի պայմաններում հանդիպեց Ռուսաստանի անվտանգության երեք գեներալների հետ, և այդ հանդիպումից հետո Պուտինը Լուկաշենկոյին ասաց, թե Պատարկացիշվիլին Վրաստանի հաջորդ նախագահն է: Դա 2007 թվականին էր»,- ընդգծել է այսօր Սաակաշվիլին, ավելացնելով, որ Պատարկացիշվիլին ռուսական փողեր է ներդրել Վրաստանում իշխանափոխություն կազմակերպելու համար:

Վրաստանում և Ռուսաստանում մութ գործերի մեջ ներքաշված Պատարկացիշվիլին հետագայում ապաստանել է Լոնդոնում, որտեղ 2008 թվականին մահացել է սրտի կաթվածից: 2018-ին Վրաստանի իրավապահներն ասել են, որ Սաակաշվիլին կապ ունի նրա մահվան հետ:

Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է մի շարք հոդվածներով, որոնցից երկուսով հեռակա կարգով արդեն դատապարտվել է 3 և 6 տարվա ազատազրկման:

Մեղադրանքների թվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, ընդդիմությանը հալածելու գործողությունները, պատվիրված սպանությունների հետ առնչությունը, իսկ ամենավերջինը՝ երկրի սահմանն ապօրինի ճանապարհով հատելը:

Բոլոր մեղադրանքները Սաակաշվիլին անվանում է քաղաքական հալածանք, որը ձեռնտու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և իրականացվում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կարգադրություններով:

Սաակաշվիլին այսօր ասել է, որ այս դատավարությունը Վրաստանի համար ամոթալի երևույթ է և նշել է, որ մեծ թվով եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներ կոչ են արել Թբիլիսիին «դադարեցնել շինծու պրոցեսը»:

Դահլիճում մերթ ընդ մերթ մթնոլորտը շիկացել է: Մեղադրող կողմը պահանջել է դատարանից հեռացնել Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիային, սակայն Նինո Էլիեշվիլին մերժել է դատախազ Ջարջի Ցիկլաուրիի միջնորդությունը:

«Ես այստեղ եմ, որովհետև սերս առ հարազատ Վրաստան խենթության աստիճանի է: Ես Ուկրաինայում ամեն ինչ ունեի, առաջատար դիրք ու բարեկեցություն, Պետրո Պորոշենկոյի նախագահության օրոք ինձ երկու անգամ առաջարկեցին դառնալ վարչապետ, ես չուզեցի, որովհետև ուզում էի վերադառնալ Վրաստան, որը սիրում եմ և որտեղ կա ինձ ֆիզիկապես վերացնելու իրական վտանգ»,- ասել է Սաակաշվիլին:

Դատական նիստին զուգահեռ փողոցում ընթանում են բողոքի ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ Սաակաշվիլիի աջակիցների և ոստիկանների միջև, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, մոտ 2 տասնյակ ցուցարար բերման է ենթարկվել:

Իր ելույթից հետո Սաակաշվիլին լքել է դատարանի դահլիճը, խնդրելով, որ փաստաբանները շարունակեն մասնակցել գործի քննությանը:

Փաստաբանները դատավորների եռյակին ասել են, որ բժիշկների համոզմամբ, Սաակաշվիլիին պետք է նիստին մասնակցի առավելագույնը 2 ժամ, ինչից հետո ցուցված է հանգիստ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG