Իշխանությունը պնդում է՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Ադրբեջանի հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց սկսել զրոյական կետից։ Թե ինչ է դա ենթադրում, չմանրամասնեցին։
Խորհրդարանականները նաև պատկերացում չունեին՝ որ քարտեզներով է գործընթացը տեղի ունենալու, եթե սկսվի։ Ավելի վաղ հայաստանցի պաշտոնյաները հայտարարում էին, թե գործընթացի իրավական հիմքը կարող են լինել 20-ականների քարտեզները:
Մոսկվայից ստացված առաջարկների մասին երեկ տեղեկացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անմիջապես էլ հայտարարելով՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։
ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Ռուսաստանին նաև գրավոր են դիրքորոշման մասին տեղեկացրել։
Ո՞ւմ հետ է Փաշինյանը քննարկել, երբ համաձայնություն է տվել ռուսական առաջարկներին, թե՞ միանձնյա է որոշումը կայացրել, իշխանական պատգամավորներն, ըստ էության, չպատասխանեցին հարցին, միայն հայտարարեցին՝ վարչապետը բազմիցս ասել է, որ Հայաստանը շահագրգռված է գործընթաց սկսել։
«Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին, և ինչպես ասացի` այդ հարցի վերաբերյալ որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է լինելու ձևավորել հանձնաժողով և սկսել բուն աշխատանքը», - նշեց Էդուարդ Աղաջանյանը:
Արդյոք Հայաստանը նպատակ ունի՞ Ադրբեջանի գրաված 41 քառակուսի կմ տարածքը փոխանակել անկլավներով։ Փորձագետներն այս հարցի քննարկումներն անգամ վտանգավոր են համարում՝ հիշեցնելով՝ այդ տարածքներով ռազմավարական, այդ թվում՝ հայ-վրացական միջպետական ճանապարհն է անցնում՝ դեպի Ռուսաստան միակ ցամաքային կապը։
Իշխանության ներկայացուցիչները չբացառեցին, որ նման քննարկում կարող է ծավալվել: Հարցի պատասխանն, ասում են, միայն դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացից հետո կլինի. «Այս պահի դրությամբ ես պատկերացում չունեմ, թե այդ գործընթացների ընթացքում որ քարտեզներն են օգտագործվելու, ինչ տրամաբանություն է գործելու, և կարծում եմ` այս պահին այդ հարցին անդրադառնալը դեռ վաղ է», - հավելեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
«Հայաստան» դաշինքից հիշեցրեցին՝ դեռ տասն օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ դժվար է պատկերացնել դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են, խախտվում է հրադադարը, դրա համար պայմաններ են պետք։ Ռուսական առաջարկներին համաձայնելն ընդդիմադիր դաշինքում այսպես են մեկնաբանում՝ սահմանային վերջին լարվածության ֆոնին` Փաշինյանը խաղաղության անվան տակ փորձում է իրականացնել ժողովրդի թիկունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մեծ հաշվով այն, ինչ կատարվեց` կորուստներ, զոհեր, կեղծ խաղաղության դիմաց բանձև է, որ փորձում է այս իշխանությունն սպասարկել», - վստահ է Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր մյուս «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը մի շարք հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանն, ըստ նրա, չի տրվում՝ ի՞նչ տրամաբանությամբ է իրականացվելու դեմարկացիան, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը գործընթացի մեջ է մտնում փաստացի ուժի կիրառման սպառնալիքի տակ, ի՞նչ պայմաններով ու ինչի՞ դիմաց։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց. «Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, այն ժամանակ շարունակվի Հայաստանի իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1-2 տարի հետո Ադրբեջանն առհասարակ դելիմիտիացիա-դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի էլ ունենալու, որովհետև այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության ուժի կիրառման միջոցով լուծում է»:
Հայաստանը պատրաստվում էր գրավոր դիմել Ռուսաստանին ռազմական օգնության համար։ Ինչպես մայիսին՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրացման ժամանակ, այնպես էլ Սյունիքի վերջին մարտերից հետո Ռուսաստանը պատասխանեց դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկով։
«Ազատությունն» իշխանական պատգամավորներից փորձեց ճշտել՝ Մոսկվայի վերջին առաջարկից հետո արդյոք դիմելու գործընթացը սառեցվե՞լ է, թե՞ Հայաստանը շարունակում է ակնկալել ռազմական օգնություն։ Հարցին կոնկրետ պատասխան չտրվեց, իշխանականներն ի տարբերություն շաբաթասկզբի, այլևս չեն շեշտում դիմումին կոնկրետ ռազմական օգնությամբ պատասխանելու անհրաժեշտությունը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում, ինչպես ձևակերպեց, ակնկալվում է, որ խնդիրը կլուծվի։
Ի դեպ, չնայած դեռ երկու օր առաջ հայտարարվել էր, որ Հայաստանը գրավոր դիմում է պատրաստում, մինչև այս պահը իշխանությունը չի հստակեցնում` դիմումն արդյոք ուղարկվել է։
«Ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնխելիության ապահովումը, և դեմարկացիան ու դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը», - նշեց Աղաջանյանը:
«Ազատության» հարցին` Հայաստանին բավարարո՞ւմ է դիմումի արձագանքը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու առաջարկով, պատգամավորը պատասխանեց. «Այդ գնահատականը, կարծում եմ, հնարավոր կլինի տալ գործընթացի ավարտին պես, երբ մենք արդեն կունենանք հստակ արդյունքներ»:
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ նույնիսկ չդիմելու պարագայում Ռուսաստանը անելիք ունի. «Գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր, երկրորդը` Ռուսաստանն այն երաշխավորն է հրադադարի ռեժիմի պահպանման, որի համար մենք բոլորս պետք է մեր ջանքերը երկտեղենք, և հենց դրա համար էլ Ռուսաստանն անելիք ունի, և պետք է նույնիսկ չդիմելու պարագայում այդ համագործակցությունն անմիջապես իրականություն դառնար»: