Մատչելիության հղումներ

Լարվածության թուլացման փո՞րձ, թե՞ քաղաքավարական հանդիպում. ինչ ակնկալել Փաշինյան-Ալիև հանդիպումից


Վերլուծաբանները դեկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից առարկայական տեղաշարժ չեն ակնկալում։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն այն ոչ թե բանակցություններ, այլ քաղաքավարական հանդիպում է անվանում՝ շեշտելով՝ Արևելյան գործընկերությունն այն հարթակը չէ, որտեղ պիտի այդ բանակցություններն ընթանան։

«Ի վերջո, մենք ունենք երեք առանձին խնդիրներ՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, դեմարկացիա, միջանցքների, ճանապարհների, հաղորդակցության ուղիներ բացում, ոչ միջանցքների, հասկանալի է, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այս երեք հարցերից որևէ մեկը Արևելյան գրծընկերության հարթակի հետ առանձնապես կապ չունի», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բաղդասարյանը։

Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում, ըստ հաղորդագրության, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել էին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Քաղաքական մեկնաբանը չի կարծում, թե այս հանդիպումը որևէ օգուտ տա Հայաստանին՝ շեշտելով՝ այդ հարաբերություններն առավելապես Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում են։

«Ռուսաստանը, եկեք պարզ խոսենք, Արևելյան գործընկերությունը համարում է որպես հակառակորդ կառույց, որի հիմնական գործառույթներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, Ռուսաստանի ազդեցության գոտին նվազեցնելն ու Ռուսաստանի ազդեցության գոտուց երկրներ պոկելն է, հետևաբար, չեմ կարծում, թե այնտեղ շատ կողջունեն, եթե բանակցություններն ընթանան Բրյուսելում», - եզրափակեց Բաղդասարյանը։

«Լարվածության թուլացման ընդհանուր փորձ է»

Փաշինյան-Ալիև բրյուսելյան առաջիկա հանդիպումը լարվածության թուլացման ընդհանուր փորձ է համարում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ մանրամասնելով՝ Բրյուսելում ուղղակի օգտագործում են Փաշինյանի և Ալիևի մեկ տեղում գտնվելու առիթը։

«Արևելյան գործընկերության վեհաժողովը պետք է տեղի ունենար դեկտեմբերին՝ Բրյուսելում, Փաշինյանն ու Ալիևը համատեղ լինելու էին այդ միջոցառմանը, և ընդամենը փորձ է արվել օգտագործել այդ միջոցառման համատեղ գտնվելու առիթը՝ նրանց միջև ուղիղ որևէ հանդիպում, որևէ խոսակցություն կազմակերպելու համար», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Իսկ միջազգային դերակատարները, ըստ Բադալյանի, հակված են գործընթացը դիտարկել Ռուսաստանի ձևաչափային ենթակայության տակ։

Հիշեցնելով, որ մոտ երկու ամիս առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր տարբեր հարցեր, այդ թվում՝ նաև արցախյան, Բադալյանը կարծում է, որ այստեղ կա որոշակի համադրված աշխատանք։

«Ի վերջո, թե՛ Եվրամիությունը, թե՛ Մինսկի խմբի մյուս համանախագահները շատ լավ պատկերացնում են, որ այստեղ փորձը՝ Ռուսաստանին դուրս թողնելու, բացարձակապես չի կարող որևէ արդյունավետություն պարունակել լարվածության թուլացման տեսանկյունից, և հասկանալի է, որ եթե կա նպատակ իսկապես նպաստել ապաէսկալացիային, ապա այստեղ չի կարող լինել Ռուսաստանի հետ հակադրության փորձ, սա է իրողությունը», - ասաց Հակոբ Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG