Տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է: Այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով նաև, որ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։
«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում: Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների: Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների: Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը», - ընդգծեց Փաշինյանը:
Չնայած Հայաստանի ղեկավարի այս շեշտադրումներին, ԵԱՏՄ անդամ Հայաստանի գործընկեր պետությունների վարչապետներից և ոչ մեկը իրենց հաջորդող ելույթներում որևէ կերպ չանդրադարձան հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։
Երկօրյա միջկառավարական նիստերն անցան անվտանգության ուժեղացված միջոցառումների ուղեկցությամբ և լրագրողները ոչ մի հնարավորություն չունեցան հարցեր ուղղելու ԵԱՏՄ երկրների վարչապետներին։ Անպատասխան մնացին հարցերը, թե ինչո՞ւ էին Հայաստանի հետ նույն անվտանգային ու տնտեսական միություններում գործող պետությունների ղեկավարները բացահայտ աջակցության խոսքեր շռայլում Ադրբեջանին։ 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 9- հայտարարությունից մեկ տարի անց, օրինակ, Բելառուսի, Ղազախստանի ղեկավարները շնորհավորել էին Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ ու խոսել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում ներդրումների մասին»։
Մինչ այդ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստան-Բելառուս օրինակով խոսեց ավելի խորը ինտեգրացիոն ձևաչափի մասին, ըստ էության, Միութենական պետության ձևաչափ առաջարկելով նաև ԵԱՏՄ մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
«Հաստատվել են Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի և 28 միութենական ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները: Վստահ եմ, որ փոխգործակցության նոր ձևաչափերը, որոնք ստեղծվում են Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրման ժամանակ, պահանջված կլինեն նաև ԵԱՏՄ-ում», - ասաց Ռուսաստանի վարչապետը:
ԵԱՏՄ վարչապետների ընդլայնված կազմով նիստի մյուս կարևորագույն թեման քովիդի դեմ պայքարն էր, Միշուստինի փոխանցմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում: Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ համավարակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ մասնակիցների փոխգործակցությունը մնում է կայուն անգամ ամենաբարդ հանգամանքներում և անդամ պետությունների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին փոխադարձ առևտուրն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, 3-րդ երկրներ արտահանում ավելացել է գրեթե 40 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24 տոկոսով:
Այսօրվա հանդիպման արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր առևտրի պայմանների պարզեցման և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ: