Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, հաղորդում է Եվրամիության ղեկավարը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելով այս շաբաթ` ավելի վաղ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:
Ըստ Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության, «երկու երկրների առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»:
Պաշտոնական Բրյուսելի հաղորդմամբ, Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:
Սա կլինի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը` անցած տարվա ղարաբաղյան պատերազմից հետո: Նախորդը կազմակերպվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ և անցել Մոսկվայում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: