Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկը հայտնել է Վրաստանի նախկին նախագահի ինքնազգացողության վատթարացման մասին։
«Այսօր առաջին օրն է, որ նա չի կարողացել վեր կենալ անկողնուց, նա շատ թուլություն ունի և պառկած է: Նրա համար մի փոքր դժվար է խոսելը», - լրագրողներին ասել է բժիշկը բանտային հիվանդանոցում Սաակաշվիլիին այցելելուց հետո։
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ Վրաստանի երրորդ նախագահի` քաղաքացիական կլինիկա տեղափոխելու հարցը պետք է լուծվի։
Բժիշկը նշել է նաև, որ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, որի մեջ է գտնվում հոկտեմբերի 1-ից:
Նա առողջական խնդիրների վատթարացման պատճառով անցած օրերին իր կամքին հակառակ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Գլդանիի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց։ Սաակաշվիլին համաձայնել էր դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Քաղաքական գործչի փաստաբանը զգուշացրել էր, թե «ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի վատթարացում»։