Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի փաստաբանները վստահ չեն՝ արդյոք իր գործով հաջորդ դատական նիստին նա ողջ կլինի


«Դատավարություն`մեղադրյալի բացակայությամբ». այսպես են Վրաստանում բնութագրում երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում մեկնարկած պրոցեսը, որի ընթացքում առանցքային մեղադրյալը՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ներկա չէր։

Վրաստանի պատիժների իրականացման հատուկ ծառայությունը, դատական նիստի մեկնարկից հաշված րոպեներ առաջ, հրաժարվեց նախկին նախագահին բանտային հիվանդանոցից տեղափոխել քաղաքի կենտրոնում գտնվող դատարանի շենք։ Վրաց ուժայինները պնդում էին, որ Սաակաշվիլիի կողմնակիցները կարող են փորձել արգելափակել նրան տեղափոխող ավտոշարասյունը՝ ուժով ազատագրելով նրան, մարտավարություն, որ Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները տարիներ առաջ արդեն հաջողությամբ կիրառել էին՝ ճիշտ է, ոչ թե Թբիլիսիում, այլ՝ Ուկրաինայում։

Վրաց իրավապահների մտավախությունն այնքան էլ անհիմն չէր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ չորեքշաբթի վաղ առավոտվանից երրորդ նախագահի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» ակտիվիստները Թբիլիսիի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում՝ քաղաքային դատարանի շենքի առջև, բողոքի ակցիաներ էին կազմակերպել։ Դրանք ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով և մոտ չորս տասնյակ ցուցարարների ձերբակալությամբ։

«Օրենքն արգելում է պետական գերատեսչությունների շենքերի արգելափակումը», - իրավապահների գործողություններն այսպես էր բացատրում Թբիլիսիի ոստիկանության ղեկավարներից մեկը։

Պակաս թեժ չէր իրավիճակը դատարանի դահլիճում։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը բռնի ուժով ցրելու գործով դատավարությունը մեկնարկեց Սաակաշվիլիի փաստաբանների, դատավորի և դատախազների միջև ծագած վիճաբանությամբ։ Գործով անցնող երկրորդ մեղադրյալը՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան մեկնարկած դատավարությունը նույնիսկ բեմադրություն անվանեց։

Այն բանից հետո, երբ դատարանը արգելեց նիստի ուղիղ հեռուստատեսային հեռարձակումը, Սաակաշվիլիի և Ուգուլավայի փաստաբանները սկսեցին այն հեռարձակել սոցիալական ցանցերում՝ հեռախոսով։

«Մի պահ կտրվեք ձեք հեռախոսներից», - դատավորի շարունակական այս կոչերը անտեսվում էին, իսկ ներկա միակ մեղադրյալը՝ Գիգի Ուգուլավան, ի վերջո որոշեց պարզապես լքել դատարանի դահլիճը` նախապես դատախազ Ջարջի Ցիկլաուրիին անվանելով «шнырь»։

Ռուսական բանտային սլենգի համաձայն այդ բառով են բնութագրում այն դատապարտյալներին, որոնք կատարում են ավելի ազդեցիկ խցակիցների մանր հանձնարարությունները։ Բանտային ժարգոնի նման իմացությունը Ուգուլավայի դեպքում ի դեպ ևս պատահական չէ՝ 2014 թվականին նա արդեն բանտակրվել էր փողերի լվացման մեղադրանքով՝ ազատազրկման մեջ անցկացնելով շուրջ մեկուկես տարի։

«Սա շատ նման է 37 թվականի իրադարձությունների և ՆԿՎԴ-ի գործելաոճին», - դատարանի բակում հայտարարում էր Ուգուլավան։

Սաակաշվիլիի գործով հաջորդ նիստը՝ նոյեմբերի 29-ին

Եվ մինչ դրսում կրքերը չէին հանդարտվում, դատարանը որոշեց Սաակաշվիլիի գործով հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 29-ին։ Նախկին նախագահի փաստաբանական թիմի անդամներից մեկը՝ Նիկա Գվարամիան, որին, ի դեպ, ուշացման պատճառով, ընդհանրապես չէին թույլատրել մասնակցել նիստին, ընդհանրապես վստահ չէր՝ արդյոք հաջորդ դատական նիստի օրը Սաակաշվիլին ողջ կլինի։

«Հաջորդ դատական նիստի նշանակումը նոյեմբերի 29-ին ցինիզմի վերին աստիճանի դրսևորում է։ Այսօր դատավորները գործնականում մահապատժի վճիռ կայացրեցին։ Այսպիսով նրանք հայտարարում են, որ հաջորդ դատական նիստին մեղադրյալ այլևս ողջ չի լինի և նրանք կշարունակեն գործը առանց նրա քննել։ Բայց ես նրանց պետք է հիասթափեցնեմ՝ Սաակաշվիլին կապրի, իսկ դուք դատավոր չեք լինի», - հայտարարում էր Գվարամիան։

Հիշեցնեմ, որ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը շարունակվում է արդեն 42 օր։ Անցած երկուշաբթի օրը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան Ռուսթավիի կալանավայրին տեղափոխեցին բանտային հիվանդանոց։ Նախկին նախագահի փաստաբանների պնդմամբ, այդ տեղափոխման ընթացքում ոստիկանները նրա նկատմամբ բռնություն էին կիրառվել։ Սաակաշվիլիի շահերի պաշտպանները նույն օրը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով շտապ կարգով պարտավորեցնել վրացական իշխանություններին՝ նախկին նախագահին տեղափոխել քաղաքացիական, բազմապրոֆիլ հիվանդանոց։

Երեկ ուշ երեկոյան, սակայն, Վրաստանի արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ Եվրադատարանը Սաակաշվիլիի փաստաբանների պահանջը մերժել է՝ դրա հետ մեկտեղ պաշտոնական Թբիլիսիից պահանջելով ապահովել նախկին նախագահի անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք բուժում ստանալու իրավունքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG