Մատչելիության հղումներ

Թբիլիսիում Սաակաշվիլիին սատարող ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել


Վրաստան - Նոյեմբերի 15-ի ցույցը Թբիլիսում
Վրաստան - Նոյեմբերի 15-ի ցույցը Թբիլիսում

Երեկ մի քանի հազար մարդ ցույց է անցկացրել Վրաստանի մայրաքաղաքում՝ պահանջելով երկրի իշխանություններից բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ շաբաթներ շարունակվող հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունների ֆոնին:

53-ամյա Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ին ձերբակալությունից անմիջապես հետո և 46 օր է, ինչ հրաժարվում է ուտելուց: Նրա բժիշկները հայտնել են, որ նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Սաակաշվիլիի փաստաբանների խոսքով՝ բանտային հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են, անվտանգության բավարար միջոցներ չեն ձեռնարկվում և անհրաժեշտ սարքավորումներ չկան։

Երեկ ցուցարարները երթով անցել են Թբիլիսիի կենտրոնով՝ կոչ անելով կառավարությանը Սաակաշվիլիին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել: Խորհրդարանի 10 պատգամավոր նույնպես հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Վրաստանի երրորդ նախագահի կողմնակիցներն ամեն օր ցույցեր են անցկացնում՝ պահանջելով նրան տեղափոխել բանտային հիվանդանոցից։

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը, մինչդեռ, երեկ հայտարարել է, որ Սաակաշվիլիի կյանքին ոչինչ չի սպառնում։

XS
SM
MD
LG