Միջազգային հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հետ կապված՝ Վրաստանի երրորդ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը որակելով որպես «քաղաքական հաշվեհարդար»։
«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հացադուլի հինգերորդ շաբաթվա ընթացքում բռնի ուժով տեղափոխվել է բանտային հիվանդանոց. հավանաբար նրան սպառնացել են, նվաստացրել արժանապատվությունը, ոտնահարել անձնական կյանքի անձեռնմխելիության և համարժեք բուժօգնություն ստանալու նրա իրավունքը», - ասված է Amnesty International-ի թվիթերյան գրառման մեջ։
«Սա հստակ քաղաքական հաշվեհարդար է», - շեշտում է կազմակերպությունն իր հայտարարությունում։
Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձի մասին հայտարարեց հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալեցին։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։