Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին


Արդեն երկրորդ օրն է` Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքներում հեռացել են զբաղեցրած բնագծերից», - ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս պահին դեռևս շուրջ 250 ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ պետական սահմաններից ներս` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Ըստ Հայաստանի ղեկավարի` այս սադրանքը կարող է ունենալ ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում առաջացնելու նպատակ. «Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը՝

առաջին. տվյալ տեղանքում իրենց գտնվելն Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է: Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները:

Երկրորդ. սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին:

Երրորդ. դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում, Զանգեզուրի միջանցքի տեսքով»:

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար», - նշեց Փաշինյանը:

Նա հանձնարարեց մի քանի պաշտոնյաների միջոցներ ձեռնարկել` այս խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, ճգնաժամային իրավիճակներին արձագանքնման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Նա նկատեց, որ փոխհրաձգության դեպքեր չկան, սակայն այս ամենն անհրաժեշտ է հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը:

XS
SM
MD
LG