Արթիկ խոշորացվող համայնքում իշխանության համար վեց ուժ է պայքարում՝ «Միասնական Արթիկ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», Դաշնակցություն, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունները։
Առաջադրված «Հանրապետություն» կուսակցությանը ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել, քանի որ ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 50 տոկոսը չի եղել Արթիկից ու նրան միավորվող համայնքներից, ինչն օրենքի պահանջ է։
Արթիկի գործող համայնքապետ Մխիթար Վարագյանը առաջնորդում է «Քաղաքացու որոշում» և «Արդարություն» կուսակցություններից կազմված «Միասնական Արթիկ» դաշինքը։ Նախկինում նա երկու անգամ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե իշխող ՔՊ-ի թեկնածուն է լինելու։
Վարագյանը պնդում է, թե իշխանությունների հետ խնդիր չունի, վերջին տարիներին կառավարության հետ համատեղ ծրագրեր է իրականացրել։ Ասում է՝ եթե իշխող ուժից առաջարկ լիներ, կընդուներ, բայց մեկ պայմանով. - «Եթե մեր թիմով՝ հա։ Ես ասել եմ, որ մենք մեր թիմով ենք գնալու։ Նախապես իշխանություններին ասել եմ, որ թիմ ունենք, չենք ուզում, որ մեր ձևավորված թիմը մասնատենք»։
Նախկին հանրապետական Վարագյանը մի քանի տարի է անկուսակցական է: Անկեղծանում է, թե կուսակցական Վարագյանին արթիկցին չի ընդունում. - «Ես համոզվել եմ, որ ժողովուրդը ինձ որպես կուսակցական չի սիրում; Երկու անգամ անկուսակցական Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել, կուսակցությունով առաջադրվել եմ, չեմ ընտրվել, ինքնառաջադրվել եմ, նորից ընտրվել եմ»։
Վարագյանի մրցակիցներից է Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, որը ընտրություններին մասնակցում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջնորդած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանի դաշինք» կուսակցությունով:
Ինչո՞ւ է կրկին ցանկանում է զբաղեցնել հայանքապետի պաշտոնը։ Աբրահամյանը պնդում է, թե հանրային պահանջ է եղել. - «Պայմանավորված էր հանրային պահանջով, որ ես անընդհատ իմ հարազատ քաղաքում զբոսնելիս տեսնում էի»։
Նախկին քաղաքապետը կողմ է, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով, ասում է, թե իր պաշտոնավարման տարիներին մեծամասնական ընտրված ավագանին շատ ծրագրերի իրականացումը ձախողում էր. - «Ես գնում եմ իմ թիմով և ընտրվելուց հետո կունենամ իմ համախոհների թիմը ավագանիում, և որոշումների կայացման առումով արդեն գործընթացը համայնքի ղեկավարման պրոցեսում էն պլանները, որոնք որ նախատեսել ենք, իրականացնելը կլինի ավելի հեշտ»։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» թեկանածուն Պեմզաշեն համայնքի գործող ղեկավար Անանիկ Ոսկանյանն է: Ասում է՝ շրջանի գործող համայնքապետերով հավաքվել, թիմ են ձևավորել և որոշել մասնակցել ընտրություններին: Անկուսակցական համայնքապետերի մեծ մասը քաղաքական ուժ է փնտրել, որ կհամաձայներ իրենց առաջադրել։ Ի վերջո Հայաստանում իշխող ուժի հետ են համաձայնության եկել. - «Քանի որ անկուսակցական մարդիկ ենք, մենք ասել ենք, որ մեր համար մեկ է, թե որ կուսակցությունով։ Քանի որ ֆորմատը էսօր կուսակցական պատկանելություն ունենալով է, կուսակցական ցուցակով հանդես գալու խնդիր կա, մենք ասեցինք, որ մեր համար տարբերություն չկա, թե որ ցուցակով կառաջադրվենք։ Մեր խնդիրն է, որ մենք թիմով առաջադրվենք ու մասնակցենք ընտրություններին։ Երկար քննարկումներից հետո «Քաղաքացիական պայմանագրի» հետ եկանք ընդհանուր հայտարարի»։
Անանիկ Ոսկանյանը ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է: Չի հասկանում, թե ինչու են իր ու հանգուցյալ կնքահոր հարաբերությունները շահարկման առարկա դարձել։ Մամուլում քննադատությունների սլաքն ուղղվեց իշխանություններին, թե իրենց կողմից ծանր հանացանքների մեջ մեղադրված գեներալի սանիկին են ընտրել թեկանածու:
«Մանվել Գրիգորյանը իմ ընտանիքի քավորն է։ Ի՞նչ է, բոլոր հայերը չեն հասկանում սրբությունն ինչ է նշանակում... Մանվել Գրիգորյանի հետ կապված գործերն էլ էսօր գտնվում են իրավական տիրույթում, դատարանը ամեն հարցի պատասխանը կտա»։
Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորող Հակոբ Մաթիլյանն օրերս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ էր արել դուրս գալ ընտրապայքարից՝ պնդելով, թե բոլորն էլ իշխանական թևն են ներկայացնում: Գյումրիի պարտությունից հետո, ըստ Մաթիլյանի, իշխանությունները նոր տեխնոլոգիա են կիրառում. - «Այդտեղ ոչ թե գաղափարական կռիվ է գնալու, այլ ընտրական տեխնոլոգիայի կռիվ է գնալու։ Որովհետև եթե մի ուժը հինգ հոգով ներկայանում է, նշանակում է արդեն տեխնոլոգիա է կիրառվում։ Կարծում եմ, Գյումրիի փորձից արդեն վախեցած, որոշեցին մի քանի գլխով ներկայանան, որպեսզի հաջողություն ապահովեն»։
Դաշնակցության թեկնածուն կարևորում է, որ ընտրական պայքարը ծավալվի իրական քաղաքական ուժերի ու գաղափարների շուրջ. - «Որովհետև կուսակցություններն են հայտ ներկայացրել մասնակցելու, ոչ թե անձն է կուսակցությանը վերցրել, այլ կուսակցությունն է անձին վերցրել, որ ընտրություններին մասնակցի»։
Ընտրություններից հետո Արթիկը պաշտոնապես կխոշորանա՝ դառնալով 54 հազար բնակիչ ունեցող համայնք։