Մատչելիության հղումներ

Գյումրիում «Բալասանյան դաշինքը» հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»


Գյումրիի գործող քաղաքապետ, «Բալասանյան դաշինքի» առաջնորդ Սամվել Բալասանյան, արխիվ
Գյումրիի գործող քաղաքապետ, «Բալասանյան դաշինքի» առաջնորդ Սամվել Բալասանյան, արխիվ

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը հաղթահարել է ևս 3 կուսակցություն։

Արդյունքում՝ Գյումրիի ավագանու 33 տեղերը կբաշխվեն 5 քաղաքական ուժերի միջև։ Ամենամեծ խմբակցությունը կունենա գործող քաղաքապետի գլխավորած «Բալասանյան դաշինքը», երկրորդը կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», երրորդը՝ ամիսներ առաջ հիմնադրված «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ մոտ 10 տոկոս ձայներով։ Ավագանի է անցել նաև վերջերս ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը, նախնական տվյալներով, ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելին։ Քաղաքային իշխանության մաս կկազմի նաև 3 տարի առաջ հեղափոխությունից հետո իշխանությունից հեռացած Հանրապետական կուսակցությունը, որն այժմ ստացել է մոտ 5 տոկոս ձայն։

Թե ով կլինի Գյումրիի քաղաքապետը և որ կուսակցությունից, հստակ չէ․ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ օրենքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում՝ իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ:


XS
SM
MD
LG