«Ամեն օր տարեց գրողը նստում է Կասպից ծովի ափից ոչ հեռու գտնվող իր բնակարանում ու կարդում, բայց քիչ՝ վատ տեսողությունը թույլ չի տալիս: Չնայած նա կարող է դուրս գալ բնակարանից և հիանալ կապտամոխրագույն ծովով, նրա ֆիզիկական աշխարհը սահմանափակված է այս փողոցներով», - այս տողերով է Ղարաբաղի հարցով հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը սկսում է իր ուշագրավ հոդվածը ադրբեջանցի նշանավոր գրող, հրապարակախոս Աքրամ Այլիսլիի մասին:
2013 թվականին իր «Քարե երազներ» սկանդալային վեպի լույսընծայումից հետո Այլիսլին հայտնվեց պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հասարակության կոշտ քննադատության ալիքի տակ: Գիրքը, որը պատմում է անցած դարավերջին Նախիջևանի երբեմնի հայաբնակ Ագուլիսի հայերի նկատմամբ բռնությունների մասին, Այլիսլիին դարձրեց մերժված և մեկուսացված: Բողոքի ակցիաներ, մահվան սպառնալիքներ, Այլիսլիին մեղադրեցին հայամետ լինելու, ադրբեջանցիների ինքնությունը վիրավորելու մեջ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը նույնիսկ 10 հազար մանաթ խոստացավ Այլիսլիի ականջը բերելու համար: Հեղինակի գրքերը փողոցներում այրեցին՝ զրկելով նրան բարձր կոչումներից ու թոշակներից: 2016 թվականից Այլիսլին չունի անձնագիր և չի կարող լքել երկրի սահմանները, նույնիսկ հեռանալ մայրաքաղաքից: Այսօր 84-ամյա գրողը գրեթե դուրս չի գալիս Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանից՝ մեկուսանալով հանրությունից:
«Արդեն քանի տարի է գրականությունն իմ միակ փրկությունն է արտաքին աշխարհի կեղտից: Այստեղ ինձ համար ավելի շատ օդ կա, քան ողջ Բաքվում», - գրում է Այլիսլին Թոմաս դը Վաալին ուղարկած նամակում։
Դը Վաալը, “Open Democracy”-ում հրապարակված իր հոդվածում պատմելով Այլիսլիի անցած ուղու, կրած զրկանքների ու ճնշումների մասին, նրա կերպարն ու գործունեությունը դիտարկում է 1990-ականների Ղարաբաղյան պատերազմի և անցած տարվա իրադարձությունների լույսի ներքո: «Տպագրելով իմ վեպը՝ ես շատ հայերի փրկեցի ադրբեջանական ատելությունից: Ես հպարտ եմ ու միշտ հպարտ եմ լինելու», - մեջբերում է դը Վաալը Այլիսլիի հետ օգոստոսին ունեցած նամակագրությունից՝ հավելելով՝ «չնայած նրան լռեցրեցին, Այլիսլին հույս ունի, որ իր գիրքը ինչ-որ ազդեցություն ունեցել է»:
Աքրամ Նաիբովը ծնվել է 1937 թվականին Նախիջևանի Այլիս՝ երբեմնի Ագուլիս գյուղում: Շատերի համոզմամբ, հենց գյուղում անցկացրած տարիներն ու աղքատ մանկությունը մեծ ազդեցություն են թողել Այլիսլիի գրական ոճի ձևավորման վրա՝ հետագայում արտացոլվելով նրա ստեղծագործություններում ու կերտած կերպարներում: Հայկական եկեղեցու ավերակները Այլիսլիի մանկության ամենախոսուն պատկերներից է: «Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ես կարեկցանք եմ տածել հայերի նկատմամբ, քանի որ վաղ մանկությունից մայրս, լինելով հավատացյալ մուսուլման, ամեն օր ինձ պատմում էր 1919 թվականին հայերի նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին», -իր նամակում գրում է Այլիսլին: Այնուհանդերձ, ադրբեջանցի գրողը պնդում է, որ «Քարե երազներ»-ում հայամետ դիրքորոշում չի արտահայտել և նպատակ չի ունեցել արդարացնել հայերի գործողությունները ղարաբաղյան հակամարտության տարիներին: «Նրանք իսկապես հանցավոր և անմիտ գտնվեցին՝ գրավելով Ղարաբաղի հարակից 7 շրջանները, և դրա համար բարձր գին վճարեցին», - կարծում է ադրբեջանցի գրողը:
Դը Վաալը գրում է, որ անցած տարի հայ-ադրբեջանական հակամարտության բռնկումը ավելի մեկուսացրեց Այլիսլիին, չնայած հիմնախնդիրը դեռ լուծված չէ, և նրա նման այլախոհների ձայնի կարիքը հիմա շատ է զգացվում: «Երկար ժամանակ ես այն կարծիքին էի, որ իշխանությունները նախապես համաձայնեցրած ծրագիր ունեն մինչև կյանքիս վերջը ինձ փակի տակ պահելու», - կարծում է տարեց գրողը:
Թոմաս դը Վաալը գրում է, որ իր իսկ երկրում արտաքսված գրողը, որին քչերն են հրապարակավ աջակցում Ադրբեջանում, կարող է մոռացվել: Իսկ Այլիսլիի կարծիքով՝ հենց հիշողությունն է պայմանավորում մարդկանց քայլերը: «Մենք այնքան լավ բաներ ունեինք, երբ միասին էինք: Բայց չգիտես ինչու բոլորը որոշեցին լռել այդ մասին: Կարծես ինչ-որ անհասկանալի աղետ պատահեց՝ մի վայրկյանում ջնջելով մարդկանց հիշողությունը: Սակայն հենց հիշողությունն է մեզ առաջ մղում մեր բոլոր գործերում: Բայց հիմա բոլորը կարծես որոշել են ապրել առանց հիշողության», - ասում է Այլիսլին նրանց, ով ուզում է լսել: