Մատչելիության հղումներ

Աքրամ Այլիսլի. «Ադրբեջանը գաղափարախոսական բարեփոխումների կարիք ունի»


Աքրամ Այլիսլի, արխիվ
Աքրամ Այլիսլի, արխիվ

«Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին կոչ է անում Իլհամ Ալիևին միջամտել և վերջ տալ իր դեմ սանձազերծված ճնշումների նոր փուլին: Երեքշաբթի օրը ադրբեջանական մի շարք կայքերում հրապարակվեց ադրբեջանցի արձակագրի` Ալիևին ուղղված նամակի տեքստը, որի անմիջական առիթը Այլիսլիի դեմ հարուցված քրեական գործն է:

Հիշեցնենք, որ 78-ամյա գրողին մեղադրում են մարտի վերջին Բաքվի օդանավակայանի մի 35-ամյա աշխատակցի ծեծի ենթարկելու մեջ: Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Այլիսլին Բաքվից ուղևորվում էր Իտալիա` Վենետիկի գրական փառատոնին մասնակցելու նպատակով: Միջադեպից հետո Այլիսլիին արգելեցին լքել Ադրբեջանի տարածքը, ինչը, գրողի համոզմամբ, իրեն լռեցնելու իշխանությունների հերթական փորձն է:

«Ես հասկանում եմ, որ իմ ստեղծագործությունը որոշակի խնդիրներ ստեղծեց թե՛ Ադրբեջանի իշխանությունների և թե՛ պաշտոնական գաղափարախոսության համար: Բայց ես երբեք չեմ համաձայնի հնչող այն տեսակետին, թե իմ վեպը նվաստացնում է ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը», - դիմելով Իլհամ Ալիևին՝ գրում է Աքրամ Այլիսլին, հավելելով․ - «Պարո՛ն նախագահ, տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ Ադրբեջանին նաև գաղափարախոսական բարեփոխումներ են անհրաժեշտ»:

Այլիսլիի խոսքով՝ «Քարե երազներ» վեպի դեմ երեք տարի առաջ սկիզբ առած արշավը նախևառաջ հարվածել է Արևմուտքում Ադրբեջանի վարկին: «Ես բացարձակապես վստահ եմ, որ քանի դեռ մենք ականջալուր չենք եղել աշխարհին, աշխարհը մեզ չի լսի», - ընդգծում է գրողը:

Դիմելով Ալիևին՝ Այլիսլին նաև նկատում է․ - «Ես շատ ուրախ եմ, որ իմ վեպը ծառայում է ոչ թե ժամանակավոր ազգայնական շահերին, այլ ադրբեջանական գրականության մեծ մարդասիրական գաղափարին: Այն փաստը, որ տարբեր երկրներ ներկայացնող 13 պրոֆեսորներ ինձ Նոբելյան մրցանակի են առաջադրել, պետք չէ ընկալել որպես հայամետ քարոզչության ակտիվացման վկայություն: Այդ հայտարարությունը ստորագրած մարդիկ հեռու են քաղաքական անցողիկ պոռթկումներից և քաղաքական խաղերի մասնակից չեն»:

Քննադատության սլաքն իշխանությունների հասցեին ուղղելով՝ ադրբեջանցի արձակագիրը նշում է․ - «Եթե իշխանությունների քաղաքականությունն այդ աստիճան անթերի լիներ, ապա մի փոքրիկ գրական ստեղծագործությունը չէր կարող ազդել մի ողջ երկրի կյանքի վրա»:

Դիմելով Ադրբեջանի ղեկավարին՝ Այլիսլին հորդորում է նրան վերջ տալ իր դեմ հարուցված քրեական հետապնդումներին:

«Ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնպիսի ուժեղ հարված հասցնելու մեջ, որ նրա մարմնին կապտուկներ են հայտնվել: Արդյոք որևէ մեկին հնարավո՞ր է համոզել, որ սրտի աշխատանքի հետ խնդիրներ ունեցող 78 տարեկան մարդը կարող էր նման բան անել սպորտային կազմվածք ունեցող 35-ամյա տղամարդու հետ», - տարակուսում է Այլիսլին՝ նշելով, թե հույս ուներ, որ գործի հարուցման սկզբնական փուլում Ալիևը կմիջամտի և վերջ կտա այս ողջ պատմությանը: «Իմ հույսերը չարդարացան: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ երկրի իշխող վերնախավը չի ցանկանում, որ իմ հանգիստ կյանքն ու գրական գործունեությունը շարունակվեն», - գրում է Աքրամ Այլիսլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG