Մատչելիության հղումներ

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը լույս է տեսել անգլերեն


Գրող Աքրամ Այլիսլին «Ազատության» ադրբեջանական ծառայության տաղավարում, արխիվ
Գրող Աքրամ Այլիսլին «Ազատության» ադրբեջանական ծառայության տաղավարում, արխիվ

Ամերիկյան Academic Studies Press հրատարակչությունում լույս է տեսել ադրբեջանցի ամենահայտնի գրողներից մեկի՝ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը:

Տարիներ առաջ հայերեն, ռուսերեն լեզուներով թարգմանված գիրքը, որը պատմում է անցած դարավերջին Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների մասին, աննախադեպ կոշտ արձագանք է գտել Ադրբեջանում: Հեղինակը պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության իշխանամետ հատվածի հուժկու ճնշման տակ հայտնվեց՝ բողոքի ակցիաներից մինչև մահվան սպառնալիքներ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը 10 հազար մանաթ խոստացավ նրան, ով կբերի Այլիսլիի ականջը: Հեղինակի գրքերը փողոցներում այրեցին՝ զրկելով նրան բարձր կոչումներից ու թոշակներից:

Նախիջևանի երբեմնի ամենահայտնի հայաբնակ բնակավայրերից մեկի` Ագուլիսի մասին պատմող Այլիսլիի վեպը Ադրբեջանում որակեցին որպես հայամետ ստեղծագործություն, որի գլխավոր նպատակը ադրբեջանցիների ազգային ինքնության ոտնահարումը, նրանց որպես ջարդարար ու թալանչի ներկայացնելն էր:

Հեղինակը, մինչդեռ, հակադարձում է՝ պնդելով, որ այդ գրքում հայրենակիցներին դրականորեն է ներկայացնում՝ որպես հումանիստներ, ովքեր փորձում են պահպանել բարոյական արժեքները, մինչդեռ մյուսները տրվել էին ազգայնական ատելությանը:

«Եթե դաժանաբար սպանված յուրաքանչյուր հայի համար մեկական մոմ վառվեր, ապա այդ մոմերի փայլը կխամրեցներ Լուսնի լուսավորությունը», - «Քարե երազներ»-ում նկարագրում է Այլիսլիի հերոսներից մեկը։

Վերջին տարիներին հասարակությունից ինքնամեկուսացած գրողը, ով ասում է՝ հազվադեպ է դուրս գալիս Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանից, Eurasianet պարբերականի հետ զրույցում նշել է, որ մեծ հույսեր է կապում վեպի անգլերեն թարգմանության հետ: Նա հավելել է, որ իրեն այդքան անախորժություններ պատճառած իշխանությունները գիտեն, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելը շատ հեշտ է, բայց բարոյապես՝ նրանք անզոր են։

«Քարե երազներ»-ը, որը լույս տեսնելուց մեկ տարի անց թարգմանվեց նաև հայերենով, Հայաստանում մեծ ուրախությամբ ընդունվեց: Հեղինակի հասցեին դրվատանքի խոսքերի պակաս չկար, սակայն, ինչպես նկատել է միջազգային մամուլը, առայսօր հայ գրողներից և ոչ մեկը չի արձագանքել Այլիսլիի կոչին՝ ուսումնասիրել ադրբեջանցիների նկատմամբ հայերի կատարած հանցագործությունները։

Eurasianet-ի հետ զրույցում ադրբեջանցի գրողը խոսել է նաև հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններից՝ նշելով, որ ոգեշնչված է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ «Նա ոչնչացրեց հին գաղափարախոսությունը։ Սկիզբը, թեև դեռևս չկա արդյունք, հետաքրքիր է: Նա ևս հետաքրքիր անձնավորություն է: Այնպես որ, անկախ արդյունքներից, թե ինչով կավարտվի, փաստը հուսադրող է», - ասել է Աքրամ Այլիսլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG