Մատչելիության հղումներ

Փաշազադե. «Այլիսլին հերետիկոս է եւ անաստված»


Աքրամ Այլիսլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ստուդիայում, փետրվար, 2013թ.
Աքրամ Այլիսլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ստուդիայում, փետրվար, 2013թ.
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի շուրջ ծագած սկանդալը գնալով թափ է հավաքում: Չորեքշաբթի օրը նրա «Քարե երազներ» գիրքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը` Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն:

Ուշագրավ է, որ շեյխ-ուլ-իսլամին նախեւառաջ դուր չէր եկել Այլիսլիի գրքում Հեյդար Ալիեւի հասցեին հնչեցված քննադատությունը:

«Գրքի հեղինակը մտածված կերպով, իր տերերի պատվերով անարգել է Հեյդար Ալիեւի հիշատակը: Նա անարգել է իսլամը, ոտնահարել ադրբեջանցի ժողովրդի հոգեւոր ու ազգային արժեքները: Կարող եմ ասել, որ Այլիսլին հերետիկոս է եւ անաստված», - հայտարարեց Փաշազադեն:

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի այս հայտարարությունը հնչեց Այլիսլիի գրքին նվիրված հատուկ քննարկման ժամանակ: Դրա մասնակիցների ճնշող մեծամասնությունը, ըստ «Թուրան» գործակալության, ազնվորեն խոստովանում էր, որ «Քարե երազներ» վեպը չի ընթերցել: Դա, սակայն, քննարկման մասնակիցներին չխանգարեց խստորեն դատապարտել ադրբեջանցի արձակագրին:

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը, օրինակ, պնդում էր, թե Այլիսլին իր ստեղծագործությամբ փորձում է արդարացնել հայկական կողմից Նախիջեւանին ներկայացվող տարածքային պահանջները:

Ադրբեջանցի մտավորականության` արտերկրում հայտնի ներկայացուցիչները, սակայն, չեն շտապում քննադատել Այլիսլիին:

Հայտնի գրող եւ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը երեկ հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. - «Այլիսլին առաջինը չէ, որ ենթարկվում է համատարած բարոյական ահաբեկման այն քաղաքականությանը, որ կիրառվում է Ադրբեջանում: Ոմանց վերացնում են հանցագործների ձեռքով, ոմանց թունավորում են, ոմանց էլ` ով տարեց է ու տպավորվող, ավելի հեշտ է պարզապես հասցնել սրտի կաթվածի»:

«Այլիսլիի դեմ մեկնարկած քարոզչական արշավը թափ է հավաքում` Ադբեջանը հավասարեցնելով աշխարհի ամենատգետ բռնապետությունների մակարդակին», - նշում է Իբրահիմբեկովը:
XS
SM
MD
LG