Մատչելիության հղումներ

Թուրք մտավորականներն աջակցում են Այլիսլիին


Աքրամ Այլիսլին իր ծննդավայր Այլիսում:
Աքրամ Այլիսլին իր ծննդավայր Այլիսում:
Սեփական երկրում լուրջ հետապնդումների ենթարկվող ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, ի թիվս աշխարհի տարբեր երկրներից հնչող աջակցության հայտարարությունների, վայելում է նաեւ թուրք գրողների զորակցությունը:

Երեւանում ուրբաթ օրը ասուլիս հրավիրած արձակագիր Լեւոն Ջավախյանը եւ քաղաքացիական գործիչ Սարգիս Հացպանյանը փոխանցեցին, որ փետրվարի 13-ին մի խումբ թուրք մտավորականներ հատուկ լրագրողներին հրավիրել ու հայտարարել են, որ պաշտպանում են Աքրամ Այլիսլիին:

Այլիսլին, հիշեցնենք, իր «Քարե երազներ» վեպի` ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում լույս տեսնելուց հետո լայնածավալ ճնշումների է ենթարկվում Ադրբեջանում` թե' պետական, թե' հասարակական կառույցների կողմից:

Սա թուրք մտավորականության այն հատվածն է, որը տարիներ շարունակ, ի հակադրություն իրենց երկրի պետական քաղաքականության, համոզված են, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը Հրանտ Դինքի սպանությունից հետո փողոց էր դուրս եկել «Ես հայ եմ» պաստառներով:

Իսկ թուրք հանրահայտ հրատարակիչ Ռաջըփ Զարաքոլուն բաց նամակով դիմել է Աքրամ Այլիսլիին եւ Լեւոն Ջավախյանին, ում «Քիրվա» պատմվածքը, հիշեցնենք, 2007 թվականին արժանացել էր ադրբեջանական հասարակական կազմակերպության մրցանակին` ստանալու հեղինակների թույլտվությունն ու նրանց ստեղծագործությունները թարգմանաբար թուրքերեն առանձին ժողովածուով հրատարակելու համար:

«Քիրվա» պատմվածքը թուրքերեն թարգմանել ու Զարաքոլուն ուղարկել է Սարգիս Հացպանյանը, ով այսօր հայտարարեց, թե վերջին 10-15 օրերին «Քիրվան» թուրքական մամուլում «ամենաշատ ընթերցված պատմվածքն» է:

Թուրք գրողների հրավիրած հիշյալ ասուլիսում հրապարակվել է նաեւ Լեւոն Ջավախյանի նամակը, որուն նա նշել է, թե հայ գրողները, ցավոք, չեն կարող պաշտպանել Այլիսլիին` կոչ անելով, որ թուրք գրողները հանդես գան գրչակցի պաշտպանությամբ:

«Ես, իհարկե, զանազանում եմ սաֆարովյան ադրբեջանցի ժողովրդին Այլիսլիի ժողովրդից: Բայց, այնուամենայնիվ, կա այդպիսի ժողովուրդ, եւ ինքը միայնակ չէ», - ասաց գրողը` եզրափակելով. - «Իշխանությունները փակուղում մեջ են, մտավորականները պիտի այդ հաշտության ձեռքը մեկնեն, դրա հետ ժողովուրդը պիտի ձեռք մեկնի, նախապատրաստի, որպեսզի մենք ապրենք եւ շարունակենք մեր կյանքն այս արեւի տակ»:
XS
SM
MD
LG