Մատչելիության հղումներ

Կողմերը հիմա պետք է ճանապարհ գտնեն առաջ շարժվելու, շեշտում է ՄԽ նախկին համանախագահը


«Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի հարցերին երեկ պատասխանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, ում ակտիվ միջնորդությամբ ավելի քան քսան տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլին Քի Ուեսթում` Ֆլորիդայում կայացած բանակացությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերը, ըստ բազմաթիվ վկայությունների, բավականին մոտ էին խաղաղ հանգուցալուծման։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․

«Ազատություն»․ – «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում Դուք մի շատ հետաքրքիր բան եք ասել, ասել եք՝ մասնավոր շփումներում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները պատրաստ էին զարմանալիորեն լուրջ, համարձակ գործարքների, բայց հրապարակավ նրանք այլ կարծիք էին հայտնում։ Կարո՞ղ եք մեզ փոքր-ինչ ավելի մանրամասն պատմել այդ մասին։

Քերի Քավանո․ - Կանեմ դա ես պատեհ ժամանակին, բայց ինչպես արդեն ասացի՝ այժմ դա լավագույն խոսակցությունը չէ։ Լավագույն խոսակցությունը հիմա այն է, որ կողմերը կարողանան ճանապարհ գտնել առաջ շարժվելու։

Կցանկանայի մտածել, որ այսօր էլ Փաշինյանն ու Ալիևը կարող են առավել արդյունավետ քննարկում ունենալ հնարավոր փոխզիջումների մասին։ Չեմ կարծում, որ դա տեղի է ունենում, բայց կողմերին դեպի նման խոսակցություն վերադարձնելու ներուժը դեռ գոյություն ունի։ Եվ դա շատ հնարավոր է՝ հաշվի առնելով այն, ինչ ուրվագծված է հրադադարի պայմանավորվածության մեջ, որ նրանք այլ բաների շուրջ էլ պատրաստ են պայմանավորվել։ Թույլ տվեք ասել դա Քի Ուեսթի և դրանից հետո տեղի ունեցած կարգավորման շուրջ բանակցությունների համատեքստում։

Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածության մեջ եղած բոլոր տարրերը քննարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, եղել են երկխոսության մի մաս, բացառություն է ռուս խաղաղապահների տեղակայումը։ Մինսկի խմբի քննարկումներում կար, որ լավագույն լուծումը կլիներ, եթե խաղաղապահները կամ դիտորդները ներկայացնեին ոչ հարևան երկրները, ոչ էլ համանախագահ երկրները։ Կարծում եմ, որ Ռուսաստանը սրա հետ լրիվ համամիտ էր, դա այս հարցում քաղաքականապես ավելի բարենպաստ մոտեցում էր։ Ինչո՞ւ Ռուսաստանը մտցրեց իր խաղաղապահներին։ Կարծում եմ, որ դա պայմանավորված էր իրավիճակի վտանգավորությամբ, այն արագությամբ, որով ընկնում էին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները, և Շուշիի շուրջ արագ զարգացումներով։

Այնպես որ, ես հասկանում եմ` ինչ է արել Ռուսաստանը, բայց դրանից զատ ամեն ինչ, որ եղել է, մինչ այդ էլ էր քննարկվել։ Ես ինձ վատ կզգայի, որ այլ տարրեր, որոնք ներառված էին այդ քննարկումներում դեռ Քի Ուեսթում, իսկ որոշ տարրեր՝ մինչ այդ, հրադադարի հաստատման շուրջ բանակցությունների հիմքում չդրվեին։ Եվ նրանք աշխատեցին, քանի որ նրանք խաղաղության պայմանագրի համար էին։ Մենք արդեն լուծումներ էինք մշակել, օրինակ՝ փոխհատուցման պահանջների վերաբերյալ․ դա Քի Ուեսթում տեղի ունեցած քննարկումների ժամանակ էր, մնացել է սեղանին Քի Ուեսթից հետո, սա այսօր էլ մնում է հարց։

«Ազատություն»․ - Այժմ բոլոր կողմերը խոսում են տարածաշրջանում բոլոր երկրների միջև հաղորդակցման կապուղիների վերաբացման մասին։ Այս կերպ Հայաստանը կարող է երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանը հույս ունի Հայաստանի միջոցով երկաթուղային կապ ստանալ դեպի Նախիջևան։ Թուրքիան ակնկալում է, որ կարող է բացել իր սահմանը Հայաստանի հետ և ստանալ կապ Ադրբեջանի հետ Նախիջևանի ու Հայաստանի միջոցով։ Ձեր կարծիքով՝ սա իրատեսակա՞ն է։

Քերի Քավանո․ - Կարծում եմ՝ այո։ Սրանք այն հարցերն են, որ մենք դիտարկում էինք 20 տարի առաջ։ Տրանսպորտային կապուղիների, առևտրային կապերի գաղափարը շատ լուրջ գաղափար է։ Բայց թե որքան արագ դա կարող է իրականացվել, թերևս կախված է ավելի խոշոր պատկերից, թե ինչպես ես աշխատում խաղաղության հասնելու համար։ Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածության մեջ խոսքը գնում է այս կապուղիների մասին, տրանսպորտի և առևտրի համար միջանցքների մասին։ Բայց այնտեղ նաև խոսքը գնում է խաղաղ գործընթացի վերսկսման մասին։

Կարծում եմ՝ այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի շաբաթների ընթացքում, այդ ճանապարհների արագ բացումը ավելի դժվարին է դարձնում։ Եթե պետք է ճանապարհ բացել Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև, և այդ ճանապարհը պիտի լինի խաղաղ, արդյունավետ, դրան չի նպաստում այն հանգամանքը, որ երկու շաբաթ առաջ Հայաստանի հյուսիս-հարավ մայրուղու մի հատվածը փակվել է, դրան չի նպաստում այն հանգամանքը, որ երկու երկրների միջև սահմանին հրետանային և դիպուկահարների կրակով միջադեպեր են գրանցվում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG