«Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչական տարածք չկա. Ալիև
Ադրբեջանի նախագահն այսօր հանդես է եկել ուղերձով, որում հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է:
«Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչական տարածք չկա, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում՝ իր տարածքում ստեղծի հանրապետություն, հասարակություն, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղ», և մենք կճանաչենք այն: Բայց ո՛չ Ադրբեջանում:
Այդ հարցը լուծված է, դա ասում եմ ես` Ադրբեջանի նախագահը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Յուրաքանչյուր ոք պետք է հաշվի նստի այս խոսքերի հետ», - ասել է Իլհամ Ալիևը:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության խիստ պահպանման հիման վրա:
Մենք կքննարկենք և կձեռնարկենք ցանկացած քայլ Ադրբեջանի հետ. Չավուշօղլու
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին այսօր խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը` շեշտելով, թե այդ ուղղությամբ ցանկացած քայլ քննարկելու է Ադրբեջանի հետ։
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չկա: Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով, մենք դրանք դրական ընդունեցինք: Ադրբեջանը Հայաստանին հաշտության պայմանագրի առաջարկ արեց: Մինչ այժմ Հայաստանից ոչ մի դրական պատասխան չի ստացվել: Բայց մենք կքննարկենք և կձեռնարկենք ցանկացած քայլ Ադրբեջանի հետ», - ասել է Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:
Պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի մասին Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է «Անադոլու» թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում, որում անդրադարձել է նաև ռուս խաղաղապահներին` նշելով, թե ընդհանուր առմամբ նրանցից գոհ է։
Ալիևն ասել է, թե կան որոշ հարցեր, որոնք Բաքուն բարձրաձայնում է, մասնավորապես, իրենց դուր չի գալիս, որ օտարերկրացիներ են այցելում Ղարաբաղ առանց Բաքվի թույլտվության, սակայն Ադրբեջանն այս հարցը քննարկում է Ռուսաստանի հետ և ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների աշխատանքից գոհ է։ Նա նաև հայտարարել է, թե իբր Մոսկվան հավաստիացրել է, որ Հայաստանին ռուսական սպառազինության անվճար մատակարարման էջը փակված է։
Ռուսաստանը, սակայն, հայկական կողմին զենք էր տրամադրում ոչ թե անվճար, այլ` կա՛մ ներքին գներով` որպես ՀԱՊԿ անդամ պետություն, կա՛մ էլ համապատասխան վարկ էր ձևակերպում։
«Ղարաբաղում երրորդ պատերազմն անխուսափելի է»
Ղարաբաղյան պատերազմին այսօր անդրադարձել է նաև ռուսական մամուլը: ՛՛Газета.Ру՛՛-ն «Ղարաբաղում երրորդ պատերազմն անխուսափելի է. հարցը միայն ժամկետների մեջ է» ծավալուն հոդվածում փորձել է վերլուծել, թե «ինչի հաշվին է Ադրբեջանն անցած տարի հաղթել Հայաստանին»։
Ռազմական հարցերով մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը հոդվածում գրում է, թե Ադրբեջանին հաղթանակ բերեցին ոչ այնքան «Բայրաքթարները», որքան երկրի «բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ կառուցված քաղաքականությունը», ընդ որում, հակամարտության սկսվելուց շատ առաջ դեռևս։
Ռուս հեղինակը նշում է, թե առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ սովետական բանակում շատ բարձրաստիճան հայ սպաներ կային, որ գերազանց տիրապետում էին ռազմական գործին, իսկ ադրբեջանցի նման սպաներ գրեթե չկային, հայկական բանակն այն ժամանակ անհամեմատ ավելի մարտունակ էր:
Իրավիճակը, սակայն, 30 տարիների ընթացքում կտրականապես փոխվել էր, մինչդեռ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի նկատել, որ Ադրբեջանում ժամանակակից և մարտունակ բանակ է ստեղծվում։
«Բայց սա էլ հաղթանակի համար քիչ էր, - գրում է հեղինակը` հավելելով, - Ալիևը ստացավ Թուրքիայի աջակցությունը պատերազմից առաջ»:
Ռուս մեկնաբանն արձանագրում է, որ հակառակ Մոսկվայից հնչող այլ պնդումներին՝ Անկարան է այսօր տարածաշրջանային առաջնորդը։
Բաքուն, այսպիսով, ստացել է լիակատար աջակցություն Անկարայից, իսկ Երևանը մնացել է այդ պատերազմում, փաստացի, մենակ, եզրակացնում է վերլուծաբանը:
«Արևմուտքը Հայաստանից հեռու է և մտահոգության մասին հայտարարություններից բացի, ոչինչ չի անում։ Իսկ Ռուսաստանին էլ բոլորովին ձեռնտու չէ ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որպես Երևանի դաշնակից։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ իր համար գործընկերներ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը», - նշում է հեղինակը` շարունակելով, թե Երևանն այսօր ռեսուրս չունի նոր մարտունակ բանակ, հատկապես մարտունակ ավիացիա ստեղծելու համար: Իսկ Բաքուն, շարունակում է նա, հակառակը` նման ռեսուրս ունի և «շարունակում է ուժեղացնել իր բանակի հզորությունը»:
Հետևաբար, հոդվածագրի ներկայացմամբ, քանի դեռ Բաքուն վերջնականապես չի հասել նրան, ինչ ուզում է, ստեղծված իրավիճակում «նոր պատերազմն անխուսափելի է, հարցը միայն ժամկետների մեջ է»։