Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան Էրդողանը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։
«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ [Նախիջևանի միջանցքի] հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- այսօր ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու է ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին։
Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։
«Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով։
«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նախ Հայաստանի վարչապետը նշեց, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:
«Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», - օգոստոսի վերջին ասել էր Էրդողանը:
Հավաստիացնելով, որ Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Թուրքիայի նախագահը միաժամանակ պնդել էր, թե նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, որն առաջարկում է Հայաստանին խաղաղության համաձայնագիր ստորագրել։
«Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել էր Էրդողանը:
Այս հայտարարություններից մոտ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետը կառավարության նիստում պնդել էր, թե պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։ Ավելին, Փաշինյանը պնդել էր, թե իր կաբինետն իրեն պատասխանատու է համարում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ գիտակցելով դրա բարդությունը։
«Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- ասել էր նա, հավելելով՝ Ռուսաստանը գործընթացին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն է հայտնել, շահագրգռվածություն կա նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից։
Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող այս հեռակա երկխոսության ֆոնին՝ այս ամսվա սկզբին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը»։ «Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել նրանց», - ընդգծել էր Սերգեյ Լավրովը: