Թուրքիան թեև ցավալի իրականություն է, բայց հարևան է և հարևանի հետ պետք է խոսել, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը։
Հակոբյանը Թուրքիան վտանգավոր ուժ է համարում, միևնույն ժամանակ կարծում է, որ այն նաև անվտանգության բաղադրիչ է, և խոսելով՝ հնարավոր է լինում ինչ-որ անվտանգության հարցեր լուծել։
Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Դուք շատ եք ասել, որ Երևանը պետք է ուղիղ խոսի Անկարայի հետ՝ առանց միջնորդների։ Սկսված այս ուղերձների փոխանակումն ինչպե՞ս կգնահատեք, լա՞վ մեկնարկ է։
Թաթուլ Հակոբյան․ - Չեմ կարող ասել, որ էստեղ նորություն կա, բայց չխոսելուց լավ է։ Ամենադժվար ժամանակներում, այո՛, ես համոզված եմ, որ պետք է խոսել թուրքի հետ, որովհետև Թուրքիան ցավալի իրականություն է, բայց մեր հարևանն է և մեր հարևանի հետ պետք է խոսել։ Իհարկե շատ կարևոր է խոսակցության թեման, թե դու ինչ ես խոսում։ Մենք թուրքի հետ խոսել ենք 1918-20 թվականներին։ Նրանք, ովքեր հիմա շատ խիստ քննադատում են այս իշխանություններին, դրա համար, ես ամեն օր հիշեցնում եմ՝ 18-20 թվականներին մենք խոսել ենք թուրքի հետ։ Հիմա ասում են՝ «ո՞նց եք մոռանում ցեղասպանությունը»։ Իսկ ո՞վ է ասում, որ մոռանում ենք ցեղասպանությունը, իսկ 1918 թվականին ցեղասպանությունից երեք տարի չէր անցե՞լ, բայց ինչո՞ւ էիք դուք խոսում։ Չէ՛, իրենք ճիշտ էին անում, որ խոսում էին, ես չեմ ասում՝ «ինչո՞ւ են խոսել», շատ ճիշտ են արել։ Էդ իմաստով և՛ Սիմոն Վրացյանը, և՛ Քաջազնունին, և՛ Խատիսյանը՝ մեր երեք վարչապետերը շատ ճիշտ են արել, որ խոսել են Թուրքիայի հետ։ Թուրքերի հետ պետք է խոսել, որովհետև Թուրքիան վտանգավոր ուժ է մեզ համար, Թուրքիան ճակատագրական ուժ է Հայաստանի համար, որովհետև Թուրքիայի հետ խոսելն, իմ ընկալումով, նաև անվտանգության բաղադրիչ է հակառակորդիդ հետ։ Դու խոսելով՝ կարողանում ես ինչ-որ անվտանգության հարցեր լուծել, և եթե դու չես խոսում, քո փոխարեն խոսում են ուրիշները՝ ռուսները, եվրոպացիները, ամերիկացիները, ովքեր որ կարողանում են, և խոսում են՝ իրենց շահերն առաջ տանելով։ Բայց այսօր, ես մեծ հույսեր չունենալով, դրական, այո, որոշակի բան տեսնում եմ՝ հաշվի առնելով, թե ինչ տխուր դերակատարություն է ունեցել մեր համար Թուրքիան 44-օրյա պատերազմում, այո՛, դրական բան տեսնում եմ, բայց մեկ այլ բան եմ տեսնում՝ Ռուսաստանը, Եվրոպան և Ամերիկան այս հարցում բոլորն էլ, կարծեք թե, կողմ են որպեսզի հայերն ու թուրքերը խոսեն։ Խոսակցության թեման էլ, թե ինչի մասին ենք խոսելու, պետք է, չէ՞, սկսենք, որ իմանանք՝ ինչի մասին ենք խոսելու։
«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ չունեք մեծ ակնկալիքներ։ Այսօր Գարո Փայլանն էլ Թուրքիայի արտգործնախարարին հղած իր նամակում էլի դա էր վկայակոչել, որ «30 տարի ասում էիք՝ վերադարձրեք տարածքները, հիմա Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով վերադարձրել է»։ Դուք կարծում եք միայն Ստեփանակերտի կարգավիճակի համար Թուրքիան չի՞ բացի սահմանը Հայաստանի հետ։
Թաթուլ Հակոբյան․ - Ես կարծում եմ, որ թուրքերը, և դա թուրքական քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ, իրենք փորձում են հնարավորինս մեզ մաշեցնել, մաշել։ Հայաստանում կա տեսակետ, որ Թուրքիան ուզում է բնաջնջել Հայաստանը, ես այդ տեսակետի կողմնակիցը չեմ։ Ես համարում եմ, որ Թուրքիան ուզում է տեսնել մի Հայաստան, որը կճանաչի իր չափերը, ես սա թուրքական տեսանկյունից եմ էլի ներկայացնում՝ թուրքերն ինչպես են մտածում, մենք կճանաչենք՝ Հայաստանը կճանաչի իր չափերը, Հայաստանը հստակ սևը սպիտակի վրա մի հատ թուղթ կստորագրի՝ ճանաչենք ժամանակակից Թուրքիայի սահմանները, և նաև Թուրքիան ուզում է որպեսզի առնվազն պաշտոնապես Երևանը մաս չկազմի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին, ինչն անում է Սփյուռքը։ Դուք նշեցիք Ղարաբաղի հարցում․ էն, ինչ-որ ուզում են, իրենք տասնապատիկ ստացել են, բայց ախորժակը բացվում է ուտելու ժամանակ, և թուրքերը տեսնում են, որ մենք թույլ ենք և ավելի են սեղմում, ավելի են ճնշում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․