Մատչելիության հղումներ

Խոշոր կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար չի նկատվում․ Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ կոռուպցիոն մանր դեպքերի դեմ պայքար մղվում է, բայց չի նկատվում երկրին վնաս հասցնող խոշոր կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար։

«Երբ Սերժ Սարգսյանը ասում է, որ կոռուպցիոներները իրենց պատիժը ստանում են, օրինակ՝ Միհրան Պողոսյանի՞ն նկատի ունի, ով օֆշորային գեներալ է փաստացի: Միհրան Պողոսյանի պատիժը ո՞րն է, պատգամավոր դառնա՞լը», - «Ազատության» հետ զրույցում մատնանշեց Իոաննիսյանը:

Կոռուպցիան որակելով «զազրելի» երևույթ՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում հայտարարեց՝ այն արմատախիլ անելու ուղղությամբ կատարած աշխատանքները շատ մեծ արդյունքներ չեն տվել: Այնուհանդերձ, նախագահի խոսքով Հայաստանը լրջորեն է տրամադրված կոռուպցիայի ախտը արմատախիլ անելու հարցում: Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի կատարած օրենսդրական քայլերին՝ կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծմանը, որը նրա խոսքով կսկսի գործել այս տարվանից և որի անդամներին կընտրի խորհրդարանը, ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության մասին օրենքին: Հավելեց՝ Հայաստանը քրեականացրել է ապօրինի հարստացումը: - «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 500-ին մոտ հայաստանցի պաշտոնյաներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, ինչը փոքրիկ Հայաստանի համար հսկայական թիվ է», - նշեց նա:

Կոռուպցիոն հանցագործությունները բացահատելու, նաև՝ կանխարգելելու համատեքստում Սարգսյանը շեշտեց քաղաքացիական հասարակության դերակատարությունը․ - «Հայաստանում ձևավորվել է ամուր քաղաքացիական հասարակություն, և այդ քաղաքացիական հասարակությունն էլ իր ներդրումն է բերում այդպիսի հանցագործությունները բացահայտելու և այն կանխարգելելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է պատիժներին, ապա պետք է ասեմ, որ ամեն տարի Հայաստանում անգամներով ավելի շատ քրեական գործեր են հարուցվում և դատավճիռներ են կայացվում կապված կոռուպցիոն հանցագործությունների հետ»:

Իոաննիսյանը կարծում է՝ իշխանությունը քաղաքացիական հասարակությանը հանդուրժում է, որովհետև ստիպված է՝ զուտ միջազգային հեղինակության համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ 100-ից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ հրապարակեց, որոնցում վերջիններս խոստովանում էին, որ իշխող ուժի համար ձայներ են հավաքում: Իրավապահները քրեական գործ հարուցելու հիմք ընդհանրապես չտեսան այդ բացահայտման մեջ: - «Քաղհասարակությունն, իհարկե, բազմաթիվ բացահայտումներ անում է՝ սկսած կոնկրետ դեպքերից և վերջացրած առհասարակ կոռուպցիոն ռիսկերի բացահայտմամբ, բայց հաճախ դրանց վերաբերյալ նորմալ քննություն չի լինում և գործերը կոծկվում են, կարճվում են»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղարթաղչյանը դժվարացավ ասել, թե ինչ կփոխեն օրենսդրական նոր նախաձեռնությունները: Վստահ է՝ կոռուպցիայի դեմ պայքարում միայն քաղաքական կամքի առկայությամբ է հնարավոր արդյունքի հասնել:

«Մենք այս տարի ունենք ավարտվող ռազմավարություն, սակայն այդ իմաստով Հայաստանի դիրքերը որևէ կերպ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով և այլն՝ չի փոխվել», - մեկնաբանեց նա: - «2016 թվականին է եղել վերջինը՝ 33 միավորով է Հայաստանը, և դա ինչ-որ տեղ հետընթաց է եղել 2015-ի համեմատ: Հիշատակվում է ազդարարման հետ կապված նոր օրինագիծը․ այդ առումով էլ ցուցանիշները շատ վատ են Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի առումով, որտեղ հարցվածների 67 տոկոսը նշել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին և դրա հիմնական պատճառը վախն է՝ հնարավոր հետևանքներից: Պրակտիկայում ինչ կփոխեն օրենսդրական այդ նոր նախաձեռնությունները՝ չեմ կարող ասել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական կամքի արտահայտությամբ է, որ հնարավոր է ինչ-որ մի բանի հասնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG