Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի դուստրերին ծառայություն մատուցած բրիտանական ընկերությունը կկանգնի Փաստաբանական պալատի դատարանի առաջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան (ձախից) և Արզուն, 17-ը մայիսի, 2017թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան (ձախից) և Արզուն, 17-ը մայիսի, 2017թ․

Բրիտանական Child & Child փաստաբանական ընկերությունը, որն աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դուստրերին օֆշորային ընկերություն բացել Վիրջինյան կղզիներում, կկանգնի Միացյալ Թագավորության փաստաբանական պալատի դատարանի առաջ՝ բազմաթիվ թերությունների ու կասկածների վրա աչք փակելու, այդ թվում՝ «փողերի լվացման զգալի վտանգը» չնկատելու համար: Եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, իրավաբանական այդ գրասենյակի ղեկավարը՝ Խալիդ Շարիֆը, պաշտոնանկ կարվի, գրում է Գարդիանը:

Դեռ երկու տարի առաջ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը ծավալուն զեկույց հրապարակեց ՝ բացահայտելով մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ու նրա ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքներն ու մեխանիզմները:

Պանամական մի ընկերության փաստաթղթերի հիման վրա կազմված հետաքննությունը վկայում է՝ Ալիևների ընտանիքը շուրջ 140 միլիոն դոլարի անշարժ գույք ունի աշխարհի տասնյակ երկրներում: Ընդ որում, բարձրարժեք առանձնատների ու ամառանոցների այդ շարքում առանձնանում էր հատկապես Ալիևների բրիտանական կարողությունը: Ըստ հետաքննության, մասնավորապես, Ալիևի ընտանիքը 25 միլիոն դոլարանոց առանձնատնից բացի շքեղ բնակարան ունի Լոնդոնի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի` Հայդ փարքի այսպես կոչված «Հռետորների անկյան» անմիջական հարևանությամբ: Բացի այդ, պարզվել էր, որ Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն, սեփականություն ունեն Լոնդոնի կենտրոնում` Նայթսբրիջ 199 հասցեում գտնվող նորակառույց շենքում, որտեղ բնակարանների գները հասնում են տասնյակ միլիոնների: Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողներն անձամբ էին եղել այդ բարձրակարգ՝ մարզասրահ, լողավազան ու բիզնես կենտրոն ունեցող համալիրում, աշխատակիցներից մեկն ասել էր, թե Ալիևի աղջկան՝ 33-ամյա Լեյլային են պատկանում շենքի բնակարաններից երեքը կամ չորսը: Պաշտոնապես, սակայն, դրանք գրանցված են օֆշորային ընկերությունների անուններով:

Հիմա, փաստորեն, Բրիտանիայի փաստաբանական պալատը հետաքննություն է սկսում իրավաբանական այն գրասենյակի դեմ, որն օգնել է Ալիևաներին գլուխ բերել այս գործարքները և գաղտնի օֆշորային ընկերություն բացել Վիրջինյան կղզիներում՝ իրենց բազմամիլիոնանոց սեփականությունը կառավարելու համար: «Գարդիանի» հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի փաստաբանական պալատը պնդում է, որ Ալիևաներին աջակցելիս իրավաբանական գրասենյակը չի ստուգել բազմաթիվ հաղորդումները, ըստ որոնց, երկու քույրերը կապված են մի շարք հանցագործությունների ու փողերի լվացման մեխանիզմների հետ: Բացի այդ, Ալիևաների օֆշորային ընկերությունը գրանցելիս չի նշվել, որ նրանք քաղաքական կապեր ունեն, ինչը հիմք կտար բանկային համակարգին ու իրավապահներին առավել մանրազնին ստուգել նրանց գործարքները: Այս ամենի համար այժմ պատասխան է տալու իրավաբանական գրասենյակի ղեկավար Խալիդ Շարիֆը, ով, ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության, զբաղվում է առևտրային ու բնակելի տարածքների վաճառքով Լոնդոնի առաջատար շուկայում: Նա Փաստաբանական պալատի դատարանի առջև կկանգնի հոկտեմբերին՝ իր փաստարկները ներկայացնելու:

Եվս մեկ անգամ բարձրաձայնելով Ադրբեջանի նախագահի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի մասին՝ բրիտանական «Գարդիանը» նշում է՝ սա առաջին դեպքն է, երբ պանամական փաստաթղթերում մատնանշվող ընկերությունը պատասխանատվության է ենթարկվում այս կամ այն առաջնորդին ծառայություններ մատուցելու համար, ինչն, ըստ էության, կարող է նախադեպ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG