Շուրջ 8 ամիս Շիրակի մարզը ղեկավարող Հովհաննես Հարությունյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում: Ասում է` պետական համակարգում իր փորձը թույլ կտա փակել եղած բացերը քաղաքապետի պաշտոնում աշխատելիս: Նա խոստանում է 5-10 տարվա ընթացքում լուծել ՀՀ երկրորդ քաղաքի տնակների խնդիրը կառավարության հետ համատեղ ջանքերով:
Հովհաննես Հարությունյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Գյումրու քաղաքապետը ոչ միայն պաշտոն է, այլ նաև կոչում»
Գյումրու քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից օգտատերերը նախ հետաքրքրվել էին` ինչո՞ւ մարզպետից քաղաքապետ:
«Քաղաքացիական պայմանագիրը» շատ հոգատար վերաբերմունք ունի Գյումրու հանդեպ, շատ երկար քննարկումներ ունեցավ թեկնածուն ընտրելիս, ինձ նույնպես առաջարկվեց լինել քաղաքապետի թեկնածու: Ես, լինելով գյումրեցի, համարեցի պատվաբեր` լինել առաջին հերթին թեկնածու, հետո արդեն քաղաքապետ, որովհետև Գյումրու քաղաքապետը ոչ միայն պաշտոն է, այլ նաև կոչում, ես պատրաստ եմ այդ կոչումը պատվով տանել», - պատասխանեց Հարությունյանը:
Հոկտեմբերի 17-ի ընտրություններին առաջադրվել է 10 քաղաքական ուժ:
«Քաղաքացիական պայմանագրի» շանսերն այս ընտրություններում շատ բարձր են. թեկնածու
«Քաղաքացիական պայմանագրի» շանսերն այս ընտրություններում շատ բարձր են, վստահ է կուսակցության քաղաքապետի թեկնածուն: Նրա խոսքով` կառավարության հատուկ վերաբերմունքը Շիրակի մարզին և Գյումրիին քաղաքացիները տեսնում են, նաև հավատում են այն ապագային, որը կլինի Գյումրիում:
Պայքար արտագաղթի դեմ. ինչպե՞ս
Հարցին, թե ապագա կա ասելով ի՞նչ նկատի ունի, երբ օր օրի ավելանում է արտագաղթը, Հովհաննես Հարությունյանն ասաց` վերացնել այն խնդիրները, որ նպաստում են այդ արտագաղթին: «Այո, այսօր էլ կա այդ արտագաղթը, մի քանի օրից էլ դա կլինի, որովհետև այն խնդիրները, որ բերել են արտագաղթին, չեն ծագել երեկ, մեկ ամիս առաջ կամ մեկ տարի առաջ:
Խնդիրը նրանում է, որ մենք տարբեր տեղերում ճիշտ ձևերով չենք իրականացրել սերնդափոխությունը, երիտասարդ մասնագետները Հայաստանից գնում են, որովհետև չեն կարողանում իրացվել ՀՀ-ում` դա կլինի Գյումրիում, Երևանում, շատ տեղերում տեսնում ենք մասնագիտությունների մասով վակուում», - ասաց մարզպետը:
Ըստ նրա` այս պահին արտագաղթում են այն մարդիկ, ովքեր ունեն իրացվելու կարիք և աշխատելու ցանկություն:
Տնակներից ազատվելու մասին
Ինչ վերաբերում է տնակային ավաններին, ապա նա նկատեց` կարևոր է քաղաքական կամքը` վերջ դնել տնակային խնդիրներին Հայաստանի երկրորդ քաղաքում: «Աշխատանքները հստակ են լինելու, և կարծում եմ` կառավարության հետ համահունչ մենք կկարողանանք այնպես անել, որ 5-10 տարում մենք զերծ լինենք տնակներից Գյումրիում»:
Հիմնական մրցակիցը «Բալասանյան» դաշինքն է
Մեկ այլ օգտատիրող հարցին` ճի՞շտ է, որ «Բալասանյան» դաշինք սոցիալական կուսակցության հետ պայմանավորվել են, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է նշանակվելու մարզպետ, իշխանության թեկնածուն արձագանքեց. «Ճիշտ չէ, և պայմանավորվածություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ կուսակցության հետ չի ունեցել և չունի: Համապետական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն գնաց ընտրությունների առանց որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու, և դա շարունակվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:
Դիտարկմանը, թե չի՞ համարում, որ իր գլխավոր մրցակիցը հենց 9 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Բալասանյանն է, համաձայնեց` հավելելով. «Այո, համարում ենք, որ մեր գլխավոր մրցակիցը հենց «Բալասանյան» դաշինքն է, բայց մենք մեր ծրագրով ու քայլերով գալիս ենք աշխատելու, մարդկանց կապացուցենք, որ այն, ինչ տեսնում են իրենց շրջապատում շարունակաբար, այդ ամեն ինչը տեսնել կհոգնեցնի, պետք է զարգացնել և այդ զարգացումը պետք է ավելի արագ ապահովել»: