Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուներից ամենահարուստը, ըստ ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի, «Հայրաքաղաք» և «Գյումրին կռնա» դաշինքներից են։ Ամենահամեստ միջոցները հայտարարագրել է Կոմունիստական կուսակցության թեկնածուն։
«Հայրաքաղաք» դաշինքը առաջնորդող, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը 7 անշարժ գույք է հայտարարագրել, 2 բնակելի տուն, 5 հողատարածք, ընդ որում՝ հողատարածքներից 3-ը Լոռու մարզի Վահագնի գյուղում, 2 «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 52 մլն դրամի թանկարժեք գույք՝ սեփական գծանկարների, գրքերի ու հնաոճ իրերի հավաքածուներ:
Բարսեղյանը հայտարարագրել է շուրջ 27 մլն 330 հազար դրամ եկամուտ, որից 11 մլն 617 հազար դրամը «Ասպարեզ» ակումբից ստացած աշխատավարձն է, մնացածը անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու եկամուտը և տարբեր ծրագրերից ստացած հոնորարները: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 8 մլն 685 հազար դրամ։
«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է, որը հեղափոխությունից հետո մոտ 2 տարի զբաղեցրեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, այժմ չի աշխատում: Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 առանձնատուն, 1 ավտոմեքենա: Որպես եկամուտ Շիրակի փոխմարզպետի 3 մլն 260 հազար դրամ աշխատավարձը և 3 բանկերում՝ 2 դրամային ու մեկ դոլարային ավանդների տոկոսներից ստացված՝ 2 մլն 957 հազար դրամը և 3657 դոլարը: Գրիգորյանը հայտարարագիրը ներկայացնելու օրը 41 մլն դրամ, 25 հազար 300 եվրո և 3500 դոլար է ունեցել։
«Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը 6 անշարժ գույք է հայտարարագրել, այդ թվում՝ մեկական բնակարան Գյումրիում ու Երևանում, հողամասեր Կոտայքի մարզում: Շարժական ու թանկարժեք գույք չի հայտարարագրել: Մարգարյանը «Մադլեն գրուպի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, նույն ընկերությունից 1 մլն 250 հազար դրամի աշխատավարձ է ստացել, հայտարարագիրը ներկայացնելու պահին 985 հազար դրամ է ունեցել:
Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է: Քաղաքապետի հանրապետական թեկնածուն հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ առանձնատուն ու հողատարածք Բենյամին գյուղում, ևս մեկ հողատարածք էլ Գյումրիում: 3 ավտոմեքենա ունի, թանկարժեք գույք ու եկամուտ չի հայտարարագրել։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին 10 մլն դրամ և 5 հազար դոլար է ունեցել:
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն և հողատարածք: Թանկարժեք գույք չունի, ունի մեկ մեքենա։ Եկամուտը մարզպետի աշխատավարձն է՝ 7.5 մլն դրամ և 3 բանկերից վերցրած 4.2 մլն դրամ վարկային միջոցները: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 4 մլն դրամ է ունեցել։
«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին ԱԱԾ-ական, ներկայումս անվտանգության «Գրոմ Սիքյուրիթի» ընկերության տնօրեն Վարդևան Հակոբյանն է: Վերջինս հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2 բնակարան Գյումրիում և մեկ առանձնատուն Մարմաշեն համայնքում: 2 շարժական գույք, ընդ որում՝ «Տոյոտա Լանդ Քրուզեր» մակնիշի ավտոմեքենան 2021 թվականի է: Որպես եկամուտ հայտարարագրել է 918 հազար դրամ աշխատավարձ, որ ստացել է իր իսկ ղեկավարած ընկերությունից և 25 մլն 832 հազար դրամ ընկերության շահաբաժին: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 12 մլն դրամ և 5 հազար դոլար է ունեցել։
Կոմունիստական կուսակցությանը ցուցակը գլխավորող Կոնստանտին Ղավազյանը աշխատում է Գյումրիի քաղաքապետարանում: Հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, 60 հազար դրամ թոշակ և 70 հազար դրամ աշխատավարձ: Ղավազյանը 95 հազար դրամ է ունեցել հայտարարագիրը ներկայացնելու օրը:
«Բալասանյան» դաշինք սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետի ազգական, Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է։ Վերջինս հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2 առանձնատուն՝ մեկը Ախուրյան համայնքում, մյուսը՝ Գյումրիում, և մեկ կաթսայատուն պահեստ: Ունի մեկ ավտոմեքենա: Եկամուտը քաղաքապետարանից ստացած 2 մլն 565 հազար դրամն է, դրամական միջոցներ չի հայտարարագրել:
«Թասիբով» դաշինքի քաղաքապետ թեկնածուն Կարապետ Պողոսյանն է, որը ԱԺ-ի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր: Պողոսյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, եկամուտ չի ներկայացրել, որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 20 հազար դոլար և 5 մլն դրամ: Նաև 20 մլն դրամի թանկարժեք ոսկեղեն:
«Ապրելու երկիր» կուսակցությունը թեկնածուն Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Մալխասյանն է: Վերջինս հայտարարագրել է 2 առանձնատուն Գյումրի քաղաքում: Որպես եկամուտ կենտրոնի տնօրենի աշխատավարձն է 3մլն 100 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 285 հազար դրամ և 180 դոլար: