Մատչելիության հղումներ

Նորաստեղծ «Բալասանյան դաշինք»-ը Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արխիվ

Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նորաստեղծ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որն այսօր 42 հոգանոց ցուցակ է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։

Սա հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններում առաջին առաջադրումն է։

Նորաստեղծ կուսակցությունը, ըստ էության, ներկայացնում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմը։ Կուսակցության հիմնադիրը նրա ավագ որդին է՝ Միսակ Բալասանյանը։ Ոչ Գյումրին արդեն ինը տարի ղեկավարող Բալասանյանը, ոչ էլ որդին ընտրացուցակում ընդգրկված չեն։

Ցուցակը գլխավորում է և դաշինքի քաղաքապետի թեկնածուն է Բալասանյանների ազգական Վարդգես Սանոսյանը, որը ղեկավարում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը: Սամվել Բալասանյանը նախորդ ՏԻՄ ընտրություններում առաջնորդում էր իր ազգանունը կրող ու Հանրապետական ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցություններից կազմված դաշինքը։

Երեկ Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց նաև իշխող «Քաղաքացիական Պայմանագիրը», քաղաքապետի թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Ընտրություններին մտադիր է մասնակցել նաև «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG