«Հայրաքաղաք» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վստահ է՝ տարիների ընթացքում բավականաչափ գիտելիքներ ու փորձ է կուտակել՝ համայնքային տնտեսություն և համայնքային իշխանություն կառավարելու համար։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Բարսեղյանն ընդգծեց՝ Գյումրու քաղաքապետ դառնալն իր երազանքը չի եղել, ոչ էլ՝ պարապ է, ուղղակի կարծում է, որ հիմա իր կարողությունները ներդնելու ամենահարմար ժամանակն է։
Բարսեղյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի հենց Ձեզ։
Լևոն Բարսեղյան․ - Անձամբ ինձ գյումրեցին շատ լավ է ճանաչում, ամեն ինչ հրապարակային է եղել իմ կյանքում, իրենք շատ լավ գիտեն՝ ինչ եմ արել, բավականաչափ գիտելիքներ ու փորձ եմ կուտակել՝ համայնքային տնտեսություն և համայնքային իշխանություն կառավարելու համար։ Ոչ իմ երազանքն է եղել լինել Գյումրու քաղաքապետ, ոչ էլ պարապ եմ, և կարծում եմ, որ կարողություններս ներդնելու ամենահարմար ժամանակն է․ նախկինում շուտ էր, հետո ուշ կլինի։
«Ազատություն»․ - Հիմա, եթե ամփոփենք, շատ կարճ, Գյումրու ամենակարևոր խնդիրներից կարո՞ղ եք երեքը թվել, որոնք մինչև այսօր չեն լուծվել ու մտածում եք՝ հենց ընտրվեք, առաջինը էդտեղից եք սկսելու։
Բարսեղյան․ - Հիմա, տեսեք, էլի վերադառնանք էդտեղ՝ երկրաշարժի հետքերից ամենածանրը ժամանակավոր կացարաններում, տնակներում ապրող մի քանի հազար ընտանիքներն են դեռ։ Սա շատ խոշոր խնդիր է քաղաքի համար, որը շատ ուրիշ քաղաքներում չկա՝ նման խնդիր չկա։ Սրանից բխում է՝ փոխկապակցված է նաև աղքատությունը, հիվանդացության բարձր մակարդակը և այլն, սրանք հարակից բաներ են։ Քաղաքի տարածքի մոտավորապես 70 տոկոսը՝ փողոցների, բակերի, ավերակ վիճակում են։ Սրանք էլ երկրաշարժի հետ փոխկապակցված բաներ են, որը նույնպես պետք է լուծվի, բայց էս երկու խնդրի լուծումը քաղաքային բյուջեի միջոցներով ուղղակի անհնարին է, կամ հնարավոր է 4-500 տարվա ընթացքում, որն անլուրջ է քննարկել։ Սրանք անխուսափելի բաներ են, որոնք պիտի ձեռնամուխ լինել լուծել հենց սկզբից՝ փորձելով ներգրավվել և՛ պետական միջոցներ՝ պետական իշխանության ուշադրությունը սրան, և՛ իհարկե վարկային միջոցներ՝ միջազգային գործընկերների հետ աշխատել, զանազան հիմնադրամների հետ, քույր քաղաքների հետ։
«Ազատություն»․ - Փող բերել քաղաք։
Բարսեղյան․ - Փող և տարբեր ծրագրեր, ներդրումային դաշտի խթանումը և բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք թվում է թե վաղուց պետք է լուծված լինեին, բայց, ըստ էության, չեն լուծվել։
Գյումրիի ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին: Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն:
Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․