15 հազար մասից բաղկացած փազլի մեկ կտորը վաճառվում էր 1000 դրամով: Հավաքված 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող ընտանիքների:
Փազլի առաջին գնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, վերջին կտորը ևս նա պետք է տեղադրեր սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնակատարության ժամանակ, սակայն Միացյալ Նահանգներ այցի պատճառով չհասցրեց:
Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանն ասաց, որ վերջին կտորը դեռ չեն փակցնում, սպասում են, որ վարչապետը հարմար առիթի դեպքում այն անձամբ տեղադրի․ - «Այստեղ կմնա նկարը այնքան ժամանակ, մինչև փակցվի: Թե ով կփակցնի՝ վարչապետը, թե ինչ-որ մեկին կփոխանցի, որ տեղադրեն, չեմ կարող ասել: Իմ ցանկությունն է, որ պարոն վարչապետը փակի»:
Նկարը դեռ կմնա քաղաքապետարանի շենքի պատին: Հիմադրամում որոշել են այն աճուրդի հանել՝ գումարը կրկին ուղղելով նույն նպատակին: Նախնական գինն էլ 15 մլն դրամ են սահմանել: Արդեն գնելու ցանկություն հայտնող կա:
«Նկարն առայժմ մնալու է այստեղ, մինչև հասկանանք ինչպես ենք իրականացնելու աճուրդը: Հիմա անընդհատ քննարկումների մեջ ենք, միտք կա, որ Հանրային հեռուստաընկերությամբ ենք հանելու այս նկարը աճուրդի: Ցանկացողներ կան արդեն: Չգիտենք օնլայն տարբերակով անենք, թե հրավիրենք հեռուստաընկերություն», - ասաց Գրիգորյանը:
Հենց նկարի աճուրդով վաճառքից հետո էլ պարզ կդառնա, թե նախաձեռնության ավարտին տնակում բնակվող քանի ընտանիքի համար բնակարան ձեռք կբերի հիմնադրամը:
Փազըլի կտորների ամենամեծ վաճառքը սեպտեմբերի 21-ին է եղել՝ այդ օրը միայն հավաքվել է ավելի քան 1մլն 300 հազար դրամ: Հիմա մտածում են այս նույն գաղափարը այլ քաղաքներում իրականություն դարձնելու ուղղությամբ:
Գևորգ Գրիգորյան․ - «Այսօր առավոտյան առաջարկություն ենք ստացել, որ անենք Երևանում: Եվս մեկ անգամ պատգամավորներից մեկը շեշտել է, որ Քաղաքաշինության կոմիտեն է ցանկանում մեր հետ իրականացնել Երևանում փազլը: Կախված է խորհրդի նիստի քննարկումից ու կայացվելիք որոշումից»:
Ամենաանսպասելի առաջարկը, նրա փոխանցմամբ, ստացել են Լոռու մարզպետից․ - «Ամսի 21-ին Լոռու մարզպետը ևս առաջարկեց, որ՝ մենք խնդրում ենք և պատրաստ ենք, որ մեր մոտ հենց մարզպետարանի կամ քաղաքապետարանի հարակից պատին ևս փազլ անենք ու նվիրաբերեքն «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Ճիշտն ասած, դա մեր համար շատ ուրախալի է, բայց նաև մյուս կողմից որ նայենք, Լոռու մարզում ևս ունենք տնակային խնդիրներ, բայց այնքան լավ են տրամադրված, որ ինչ-որ բանով հիմնադրամին օգնեն: Դա մեր համար ուղղակի հուզիչ է»:
Ընդհանուր առմամբ 8000-ից ավելի անհատներ ու կազմակերպություններ են միացել նախաձեռնությանը: Հիմադրամը հոկտեմբերի 1-ին խորհրդի նիստ կհրավիրի, որի ընթացքում ավելի կհստակեցվեն անելիքները:
Պաշտոնական տվյալներով, երկրաշարժից երեք տասնամյակ անց միայն Գյումրիում 2800 ընտանիք դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում: