«Գյումրին առանց տնակների» և «Ազնավուր» հիմնադրամները Գյումրիում նոր թաղամաս կառուցելու նախաձեռնություն ունեն: «Քեզ համար» ծրագրով նախատեսում են 50 անօթևան ընտանիքի բնակարան հատկացնել։
Հայազգի մեծ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանի փոխանցմամբ, լինելու է դրամահավաքի դեսպանը. - «Մի քանի փուլերով ենք նախատեսել դրամահավաքը, և հիմա ամենաոգևորողն ու ամենառեալն այն է, որ մենք Նիկոլա Ազնավուրի հետ ունենք հստակ նաև գրավոր պայմանավորվածություն, որ ինքն անձնապես հանդիսանալու է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի դեսպան` այս պրոյեկտի դեսպան, որ ինքն է ներկայացնելու սփյուռքում, և ստարտը տալու ենք իրենով»:
Թաղամասը կրելու է Շառլ Ազնավուրի անունը, Նիկոլա Ազավուրն իր համաձայնությունը տվել է: Ծրագրի նախաձեռնողները արդեն հաշվարկել են, թե որքան գումար կպահանջվի թաղամասի կառուցման համար. - «Մոտավոր բյուջեն կազմված է, որը մենք ենք հաշվել, այսինքն` գնաառաջարկներով, շինարարների հետ խորհրդակցելով մոտավորապես 50 տունը և ամբողջ թաղամասն իր կոմունիկացիայով հիմնադրամի վրա նստելու է առավելագույնը 2 միլիոն դոլար»:
Այս պահին խնդիրը հողհատկացման հետ է կապված: Հիմնադրամը դիմել է համայնքապետարան, որպեսզի քաղաքի ծայրահեղ վատ վիճակում գտնվող տնակային ավաններից մեկի տարածքը վերածեն թաղամասի: Խոսքը Սավոյան փողոցի վրա գտնվող նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի հարակից տարածքի մասին է. - «Հույս ունենք, որ գոնե այս սեպտեմբերի ավագանու նիստում կքննարկվի մեր պրոյեկտը, որովհետև հիմա նաև հիմա մենք համայնքից գրավոր ունենք ի պատասխան մեր նամակի, որ ծրագիրը հավանության է արժանացել և կփորձեն ավագանու առաջիկա նիստում քննարկել, և նայենք` տարածքը կտրամադրեն, թե չէ:
Խնդիրն այն է, որ մենք 2-3 անգամ նստել, քննարկել ենք համայնքապետարանի ներկայացուցիչների և գլխավոր ճարտարապետի հետ, այլ տարածքներ ևս առաջարկվել են, ուղղակի այնտեղ ծախսային մասով մենք մի քիչ խնդիրներ ենք ունենալու: Հողը նաև ուզում ենք, որ հիմնադրամին հատկացվի ոչ թե անհատույց օգտագործման կամ անժամկետ, այլ լինի հիմնադրամի սեփականությունը, որովհետև նաև մեր կանոնադրությամբ եթե հիմնադրամը նույնիսկ լուծարվի, հիմնադրամի գույքն ավտոմատ կերպով անցնելու է համայնքի տիրապետության տակ և համայնքինն է համարվելու: Այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում հողատարածքի», - ասաց Գևորգ Գրիգորյանը:
Անցած տարի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը 15 հազար կտորից բաղկացած փազլի վաճառքից գոյացած գումարով կարողացավ երկու անօթևան ընտանիքի համար բնակարան գնել, հիմա այս ծրագրի իրականացմանը ցանկանում են մեկ միլիոն մարդու մասնակից դարձնել. - «Մենք նաև նախատեսել ենք դրամահավաքը ոչ միայն հիմնադրամներով կամ բարերաներով կազմակերպել, այլ նաև ամբողջ Հայաստանը միանա, և եթե մենք ֆիքսել ենք այսպես` նվազագույնը մեկ միլիոն հայ մեկ դոլարով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ փոքր չափի գումարներով ավելի շատ լինի մասնակցությունը, այս գաղափարի շուրջ մեկ միլիոն արդեն իսկ պրոյեկտն իրականացնում է»:
Հիմնադրամը արդեն կազմել է թաղամասի և դրա քոթեջների էսքիզները։ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ դրանք կլինեն թեթև կոնստրուկցիայով հավաքովի տներ: Կառուցապատողի հետ ևս համաձայնություն ունեն. - «Արագ կառուցվող է, և մոտավորապես մեկ տունը մի ամիս, ամիս ու կես, և այն շինարարը, ով գնաառաջարկ է ներկայացրել հիմնադրամ, կանադական ընկերություն է, որ գործում է նաև Ռուսաստանում և հայաստանյան մասնաճյուղ ունի: Ինքը նվազագույնը 75 տարի գրավոր երաշխիք է տալիս տներին»:
Այս պահին դեռ վաղ է ասել, թե ովքեր կդառնան բնակարանների շահառուները, նշեց հիմանդրամի տնօրենը: Հակված են բնակարանները տրամադրել ոչ թե վերջին մի քանի տարիներին տնակներում հայտնված ընտանիքներին, այլ 88-ի երկրաշարժից հետո՝ արդեն 32 տարի անօթևանի կարգավիճակում հայտնված ու տարբեր պատճառներով մինչ օրս բնակարան չստացածներին։