Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մարդկանց տարհանումը Քաբուլից՝ չնայած երեկ օդակայանի տարածքում տեղի ունեցած մահաբեր պայթյուններին:
Երկու ռումբերը պայթեցրել են մահապարտներն, ինչից հետո ամբոխի վրա կրակ է բացել առնվազն ևս մեկ ահաբեկիչ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը:
Հետևանքները սարսափելի են՝ ավելի քան 90 աֆղանստանցիներ և 13 ամերիկացի զինծառայողներ սպանվել են, ևս 18 ամերիկացիներ և ավելի քան 150 աֆղանստանցիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Երկիրը հսկողության տակ վերցրած թալիբները դատապարտել են գրոհը: «Թալիբան» շարժումը և «Իսլամական պետությունը» թշնամական հարաբերությունների մեջ են:
ԱՄՆ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ջո Բայդենն ասել է, որ ահաբեկիչները խստորեն կպատժվեն: «Նրանք, ովքեր իրականացրել են այդ հարձակումը, և ընդհանրապես բոլորն, ովքեր Ամերիկային ուզում են ցավ պատճառել՝ թող իմանան, մենք չենք ների, մենք չենք մոռանա, մենք ձեզ կգտնենք և կստիպենք գին վճարել»,- երեկ Սպիտակ տանը հայտարարել է Բայդենը:
Նախագահը Սպիտակ տանը հավաքվածներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը, ասել է, որ ինքը և առաջին տիկին Ջիլ Բայդենը և բոլոր ներկաները մեծ ցավ են ապրում դաժան գրոհի հետևանքով ազգականներին, այդ թվում` պստիկ երեխաներին կորցրած աֆղանստանցիների համար:
Բայդենը հանդիպել է բարձրաստիճան խորհրդականների և զինվորականների հետ և հանձնարարել անհապաղ մշակել ու ներկայացնել պատասխան տալու ծրագիրը: Նա ընդգծել է, որ Ամերիկան կշարունակի մարդկանց տարհանումը Քաբուլից:
«Ահաբեկիչները մեզ չեն ստիպի նահանջել, ես թույլ չեմ տա, որ նրանք կանգնեցնեն մեր առաքելությունը, մեր թիրախը կդառնան «Իսլամական պետության» լիդերները, ենթակառուցվածքը, բոլոր միավորները, հարվածը հասցնելու վայրը և պահը մենք կընտրենք մեր ցանկությամբ, ահաբեկիչները չեն հաղթի, մենք դուրս կհանենք բոլոր ամերիկացիներին և մեր աֆղանստանցի դաշնակիցներին, մեր առաքելությունը շարունակվում է, Ամերիկային չեն վախեցնի»,- ասել է Բայդենը:
Ամերիկացիներն հիմա ակամա պետք է համագործակցեն թալիբների հետ: Այդ հանգամանքին է անդրադարձել նախագահ Ջո Բայդենի խոսնակը: «Տեսեք, ես բնավ չեմ ցանկանում քաղցր խոսքով պատկերել թալիբների հանդեպ մեր վերաբերմունքը, «Թալիբանն» այն խումբը չէ, որին մենք վստահում ենք, նրանք մեր բարեկամները չեն, բայց նաև իրականություն է, որ նրանք հսկողության տակ են պահում Աֆղանստանի տարածքի մեծ հատվածներ, և այսօր շնորհիվ թալիբների հետ համակարգված քայլերի մենք կարողացել ենք Աֆղանստանից դուրս հանել ավելի քան 104 հազար մարդ, փրկել ավելի քան 104 հազար կյանք, և այդ համակարգումն անհրաժեշտ է տարհանումը շարունակելու համար»,- ասել է Ջեն Սաքին:
Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական մրցակից գերտերություններ Ռուսաստանը և Չինաստանը դատապարտել են երեկվա գրոհը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները զօրուգիշեր աշխատում են Աֆղանստանից հարևան շրջաններ ահաբեկչական ակտիվության հնարավոր տարածումը կանխելու համար:
«Դժբախտաբար, իրականություն են դառնում այն կանխատեսումները, որ Աֆղանստանում գտնվող ահաբեկչական տարբեր խմբեր և կազմակերպություններ ու նախևառաջ «Իսլամական պետությունը», կօգտվեն այդ քաոսից»,- ասել է Պեսկովը:
«Չինաստանը ցնցված է և խստորեն դատապարտում է Քաբուլի օդակայանի մոտակայքում ռումբերի պայթեցումները, որոնց հետևանքով ծանր կորուստներ են եղել, այդ միջադեպը վկայում է, թե որքան բարդ և անկայուն է իրավիճակն Աֆղանստանում, մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ Աֆղանստանում հանգիստ իշխանափոխություն կատարելու և այնտեղ ապրող բոլոր մարդկանց՝ թե՛ աֆղանստանցիների, և թե՛ օտարերկրացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Ժաո Լիչժանը:
Ամերիկայում սգում են զինծառայողների կորուստը, պետական գրասենյակների վրա տեղադրված դրոշները կիսով չափ իջեցվել են, իսկ Աֆղանստանում հուղարկավորում են երեկվա ահաբեկչության զոհերին:
Ենթադրվում է, որ գրոհը կատարել է «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղը՝ «Խորասան» կառույցը:
«Իսլամական պետությունը» համարում է, որ թալիբները չափից շատ համեստ և սահմանափակ նպատակներ են հետապնդում, փոխզիջումների են գնում ջիհադ՝ մահմեդական սրբազան պատերազմ վարելու փոխարեն:
«Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության տնօրենը պարզաբանել է, թե որն է այդ այդ երկու մահմեդական շարժումների հիմնական տարաձայնությունը:
«Տարբերությունն այն է, որ «Իսլամական պետությունն» ավելի ծայրահեղական և դաժան եղանակով է ձգտում նպատակին, այն է՝ իսլամական խալիֆայություն հաստատել ամբողջ աշխարհում, եթե թալիբները ցանկանում են շարիաթի օրենքով էմիրություն ստեղծել Աֆղանստանում, ապա «Իսլամական պետությունն» ավելի գլոբալ մտադրություն ունի և դաժանության առումով ավելի սարսափելի է»,- ասել է «Ազատության» աֆղանական ծառայության ղեկավար Քադիր Հաբիբը:
Այսօր Քաբուլի օդակայանը վերսկսել է աշխատանքը, Աֆղանստանից մարդկանց տարհանելու լայնածավալ գործողությունը շարունակվում է: