Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում, որ «Թալիբան»-ից տեղաբնակներից որևէ մեկը չվախենա». Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատար


«Թալիբան»-ից աֆղանստանցիների վախը ամենաշատն է տպավորվել մեկ տարի առաջ Աֆղանստանում 7 ամիս անցկացրած հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատար՝ փոխգնդապետ Կարեն Թադևոսյանի մոտ։

«Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների հետ կապված գրեթե ոչինչ չէին անում, որովհետև պատճառաբանում էին, որ յուրաքանչյուր օր «Թալիբանը» իրենց բնակչությանը վնասում է, շոշափելի թվաքանակի մասին էր խոսքը, իսկ կորոնավիրուսը շատ չնչին մարդկանց կյանքեր էր խլում, հետևաբար իրենք շեշտը դրել էին «Թալիբան»-ի դեմ այսպես ասած պաշտպանողական գործառույթներին, իսկ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված լրիվ աչքաթող էր արված», - ասաց Թադևոսյանը:

Շուրջ 11 տարի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հետ համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացրած հայ զինվորականների վերջին խումբը Հայաստան վերադարձավ այս տարվա մարտ ամսին։ Փոխգնդապետ Կարեն Թադևոսյանի հրամանատարությամբ զորախումբը ծառայությունն անցկացրել է Մազար Ի-Շարիֆ քաղաքի մերձակայքում տեղակայված ռազմաբազաներից մեկում, տեղի բնակչության հետ շատ շփվել չի կարողացել, սակայն որոշ երևույթներից տպավորվել է։ Հիշում է՝ տեղի բնակիչները մարդու համար ամենակենսական կարիքներն անգամ բավարարել չէին կարողանում՝ ջուր չկար:

«Ռազմաբազայից անզեն աչքով, երբ որ իրենց դաշտում վրանային ավանի տեսքով իրանց բնակիչները ապրում էին, ջրի խնդիրն էր ամենուր, երբ դուրս էինք գալիս դրսում վարժանքներ, հրաձգություններ անելու, ամբողջ բնակիչները «ծարավ եմ, ջուր եմ ուզում» ժեստով հասկացնում էին մեզ, որ ջուր են ուզում, քաոս էր», - պատմեց Կարեն Թադևոսյանը:

Աֆղանստանում ավելի քան կես տարի անցկացրած 37-ամյա հրամանատարն ասում է՝ այդ երկրում քաղաքային ու գյուղական բնաչկության միջև մեծ տարբերություն կար. «Մի տրանսպորտային միջոց էր մարդատար, օրինակ, գնում, բացի ներսը նստատեղերը զբաղեցնելուց, նաև վրան ինչքան տեղ կար, մարդիկ էին տեղավորված Ա կետից Բ կետ տեղաշարժվելու՝ իրենց խնդիրների լուծման համար: Դա մի փաստ է, որը վկայում է մարդկանց շփումը, քաղաքի ու գյուղական համայնքի զարգացվածությունը, իրենք տարբեր բևեռներում էին»:

ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Թալիբան» շարժումը մեկ շաբաթ առաջ Աֆղանստանի իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Թալիբները բազմաթիվ հարցերում ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսություն ունեն՝ կանանց կրթության ու աշխատանքի սահմանափակումներ և այլն։

«Թալիբան»-ից չեմ կարծում, որ այնտեղ տեղաբնակներից որևիցե մեկը չվախենա, որովհետև մի շարք կանխարգելիչ միջոցառումներ էր նաև այն տոկոսի հետ կապված, ինչը քիչ առաջ ասացի, որ ռազմաբազայում կային աշխատողներ, նույնիսկ դեպքեր են գրանցվել, որ աշխատողները անհետացել են, հաջորդ օրը աշխատանքի գալուց այդ մարդը չի եղել, ուղղակի ոչ մի տեղեկություն չեն էլ ունեցել ու վարկածներից մեկը, որ «Թալիբան»-ը գողեցել է իրան: Նպատակները մի քանիսը կարող են լինել՝ տվյալների հայթայթում, ինֆորմացիայի դուրս հանում», - ներկայացրեց Թադևոսյանը:

90-ականներին ստեղծված իսլամիստական «Թալիբան» շարժումը 1996-ից 2001 թվականներին իշխել է Աֆղանստանում։ Ամբողջ աշխարհում մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպաններ, ակտիվիստներ, ահազանգում են՝ «Թալիբան»-ի իշխանության գալով աֆղանստանցիների, հատկապես կանանց իրավունքները կսահմանափակվեն։ Փոխգնդապետ Թադևոսյանը համաձայն է՝ Աֆղանստանում կրթությունը խնդիր է բոլորի համար՝ անկախ սեռից:

«Այնտեղ ոչ միայն կանանց, աղջիկների, այլև ընդհանուր բնակչության կրթության խնդիր կար: Չեմ կարծում այդ ահռելի վատ պայմաններում ինչ-որ կրթահամակարգ գործեր, որ ինչ-որ մեկը կրթություն ստանար: Միգուցե ընտանեկան միջավայրում փորձեին իրենց սերունդներին մի փոքր ուսուցանել այն մինիմալը, որ կարողանային իրենց կրոնական գրերը կարդային և յուրացնեին», - նշեց փոխգնդապետը:

Շուրջ 11 տարիների ընթացքում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցել է ավելի քան 3000 զինվորական։

XS
SM
MD
LG