Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ խստորեն դատապարտում են օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:
Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:
«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները: Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - իր ուղերձում ասել է նախագահը:
Քաբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորները՝ 150-ից: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։