Մատչելիության հղումներ

Թուրքիան երեկվանից սկսել է դուրս բերել զորքը Աֆղանստանից 


Թալիբների հետ շաբաթներ շարունակված բանակցություններից հետո չհասնելով համաձայնության՝ Թուրքիան երեկվանից սկսել է դուրս բերել զորքը Աֆղանստանից:

Փաստացի, ըստ պաշտոնական աղբյուրների, Անկարան մեկուկես օր ունի`տարհանելու 500 զինվորներին, որոնք վեց տարի է`հսկում են Քաբուլի օդանավակայանը: Ի դեպ, այդ ստորաբաժանման կազմում նաև ադրբեջանցի խաղաղապահներ կան:

«Զորքերի դուրսբերումը կարող է ավարտվել 36 ժամում, մեր զինվորները հաջողությամբ իրականացրել են իրենց առաքելությունը, և հիմա տուն են վերադառնում», - երեկ թուրքական լրատվամիջոցներին ասել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը հայրենիք են վերադառնում հպարտ ու իրենց վստահված առաքելությունը հաջողությամբ ավարտած։

Պաշտոնական Անկարան, սակայն, բոլորովին այլ նպատակներ ուներ։ Նախագահ Էրդողանը չէր թաքցնում, որ պատրաստ է թողնել իր զորքը և երաշխավորել անվտանգությունը Քաբուլի օդանավակայանում, որտեղից Ամերիկան ամեն օր հազարավոր զինծառայողներ ու դիվանագետներ է տարհանում: Ամիսներ առաջ էրդողանն անգամ այս հարցի շուրջ համաձայնության էր եկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ, միաժամանակ պնդել` այդ կարևոր առաքելության դիմաց Ամերիկան պետք է Թուրքիային դիվանագիտական, ֆինանսական ու լոգիստիկ աջակցություն տա:

Ավելի ուշ, երբ Աֆղանստանում կառավարությունը տապալվեց, և իշխանությունն անցավ թալիբներին, Էրդողանը նույն առաջարկը զինված խմբավորմանը ներկայացրեց:

«Մենք ի գիտություն ենք ընդունում Աֆղանստանում ստեղծված նոր իրավիճակը, և պատրաստ ենք մեր աջակցությունը տրամադրել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու և այլ հարցերում», - օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը՝ շարունակելով․ - «Անկախ այն հանգամանքից` ով է իշխանության ղեկին, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում: Մենք մինչ այս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հյուրընկալել թալիբների առաջնորդներին: Այդ առաջարկը մնում է ուժի մեջ նաև այսօր»:

Զինված խմբավորումը, սակայն, առաջին իսկ օրից կտրականապես մերժում է Անկարայի առաջարկն ու Աֆղանստանում մնալու նկրտումները:

Մինչև օգոստոսի 31-ը օտարերկրյա բոլոր ուժերը պետք է դուրս բերվեն Աֆղանստանից, որևէ մեկի համար բացառություն չի արվելու, այդ թվում`Թուրքիայի, հայտարարել էր թալիբների խոսնակը, զգուշացելով` հակառակ դեպքում, թուրքիայի զինուժը կդիտարկվի որպես օկուպացիոն ուժ`դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի հետ, բայց օդակայանում օտարերկրյա ուժերի կարիք չունենք», - ասել էր թալիբների խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը:

Անկարան թալիբների հետ համագործակցության դուռը վերջնականապես չի փակում

Դուրս բերելով զորքը` Անկարան, միաժամանակ, թալիբների հետ համագործակցության դուռը վերջնականապես չի փակում. նախագահ էրդողանի խոսնակը երեկ ասել է, թե չի բացառվում, որ Թուրքիան հետագայում տեխնիկական աջակցություն կցուցաբերի թալիբներին`օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում:

«Այդ հնարավորությունը չի բացառվում, բանակցություններն ընթացքի մեջ են, և եթե մենք համաձայնության գանք պայմանների շուրջ, կշարունակենք մեր ծառայությունն առաջարկել այս հարցում: Սա կարող է փորձագիտական ծառայություն լինել, բայց, եթե հաշվի առնենք, որ Քաբուլի օդանավակայանը մի դուռ է, որը բացում է Աֆղանստանն աշխարհի առջև, ապա այս առաքելության կարևորությունն ինքնստինքյան ակնհայտ կդառնա», - ասել է Իբրահիմ Քալընը:

Կառավարամետ «Սաբահ» օրաթերթը, սակայն, որոշ փակագծեր է բացել, մանրամասնելով`թալիբները լոկ տեխնիկական բնույթի աջակցություն են ակնկալում Թուրքիայից, և առայժմ հստակ չէ`արդյոք Անկարան կհամաձայնի դրան, եթե տեղում զորք չունի՝ այդ առաքելության անվտանգությունն ապահովելու համար:

Աֆղանստանում իրավիճակը ժամ առ ժամ սրվում է

Մինչ այդ Աֆղանստանում իրավիճակը սրվում է ժամ առ ժամ: Արևմտյան պետությունները հորդորում են իրենց քաղաքացիներին ժամանակավորապես հեռանալ Քաբուլի օդակայանից, քանի որ տեղեկություններ են ստացվել «Իսլամական պետության» կողմից հնարավոր ահաբեկչության մասին:

«Իսլամական պետությունը» թշնամական հարաբերություններ ունի «Թալիբանի» հետ, և փորձագետները չեն բացառում, որ կարող է սադրանքների դիմել՝ իրավիճակն էլ ավելի սրելու համար:

Անցած ավելի քան տասը օրում, երբ Աֆղանստանը գրեթե ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ, երկրից դուրս է բերվել ավելի քան 88 հազար մարդ, ինչը համարվում է օդային ճանապարհով ամենալայնածավալ տարհանումը պատմության մեջ:

Քսան տարի առաջ Աֆղանստան մտած միջազգային ուժերին մնում է հինգ օր. զինվորների, դիվանագետների ու նրանց հետ աշխատող աֆղանցիների դուրսբերման համար տրված վերջնաժամկետն ավարտվում է օգոստոսի 31 ին:

XS
SM
MD
LG