Քիչ առաջ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Լուրը հաստատել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Ենթադրվում է, որ ինքնաշեն ռումբը պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը: Դա տեղի է ունեցել օդակայանի հյուսիսային դարպասի մոտ, որտեղ պարեկություն են անում բրիտանացի զինվորականները:
Նախնական և պաշտոնապես դեռ չհաստատված տվյալներով՝ վիրավորվել են մի քանի զինծառայողներ, այդ թվում՝ 2-ից 3 ամերիկացիներ:
Հաղորդվում է, որ պայթյունին հաջորդել են անկանոն կրակահերթեր, մարդկանց շրջանում սկսվել է խուճապ:
Այսօր ավելի վաղ արևմտյան երկրների հետախուզական կառույցները նախազգուշացրել են ահաբեկչական գործողության բարձր հավանականության մասին:
Օդակայանում և դրան հարող տարածքում գտնվում են հազարավոր մարդիկ, ովքեր ցանկանում են փախուստի դիմել Աֆղանստանից: